Կառավարության ու «Ֆիլիպ Մորիս» ընկերության միջև համաձայնությունը՝ կապված էլեկտրական սիգարետների արտադրության հետ, նոր չէ։ Հիմա կարծես թե այդ թեման միս ու արյուն է ստանում, որը նպաստելու է, ըստ կառավարության ծրագրի, ծխելու դեմ պայքարելուն ու այն նվազեցնելուն։ Այսինքն՝ ներկայումս Հայաստանի շուկայում գործող սիգարետի արտադրությունները հայտնվում են խիստ անշահեկան ու կարելի է ասել՝ խոցված վիճակում, որովհետև էլեկտրական սիգարետը չի օգնում թողնել ծխելը, այն իր սովորական ազդեցությամբ ֆիլտրված սիգարետին չի զիջում։ Հետևաբար, Հայաստանի նման փոքր շուկայում, որտեղ արդեն կան ոլորտի առաջատար արտադրություններ, մասնավորապես «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունները, մեղմ ասած, ֆինանսական, բրենդինգի պահով լուրջ խնդրի առաջ են կանգնում։
Հիմա ի՞նչ մնում է «Ֆիլիպ Մորիսին»։ Սա, ըստ էության, ինչ-որ բիզնես գործարքի հերթական դրսևորումն է, ընդ որում՝ պակաս խոսակցությունների ու տարաձայնությունների առիթ չի տալու հենց իշխանությունների ճամբարում։ Ավելի վատ է, որ այս ամենը արվում է իբր ծխելու դեմ պայքարի քողի տակ։ Հայաստանում, որտեղ, վիճակագրական տվյալներով, ամեն երկրորդ մարդը ծխում է, ծխելու դեմ պայքար սկսել, այն էլ՝ այսպիսի փնթի մատուցմամբ (ընդ որում՝ անձամբ նախարարի շուրթերով), մեմղ ասած, ախմախություն է։ Սա էլ իր հերթին զայրույթ է առաջացրել հանրության շրջանում, ինչը իրավացի է ու համաչափ։ Ինչ մնում է ծխախոտի գների բարձրացմանը, այստեղ էլ մեծ հարցեր կան։ Օրինակ՝ ենթադրենք՝ միջին սիգարետի գինը 400 դրամ է, այն դառնում է 450 դրամ, սովորական միջին ծխողը դեռ կարող է իրեն թույլ տալ ծխել օրական 2-3 անգամ քիչ, բայց խնայել սիգարետի գումար։ Ստացվում է, որ նա շարունակում է ծխել, սակայն ծխախոտի թանկ գինը միայն ու միայն ձեռնտու է արտադրողին, ու նրա շահույթը շարունակում է աճել։ Ո՞րն է այդ դեպքում դրա օգուտը։ Եվրոպայում ծխախոտի գինը շատ թանկ է, գրեթե 3-4 անգամ թանկ հայաստանյան պայմաններից, և այնտեղ, այսպես ասած, գործում է ծխախոտի այլընտրանքային աղբյուր։ Այնտեղ պարզապես սովորական թութունից մարդիկ սիգարետ են պատրաստում ու ծխում, քանի որ դա ավելի էժան է նստում։ Մի խոսքով՝ այս կորպորատիվ շահերի հերթական բախումը, որը, իմիջիայլոց, սոցիալական բաղադրիչ էլ է պարունակում իր մեջ, կարող է շատ ու շատ գլխացավանքի առիթ դառնալ հենց նախաձեռնողների շրջանում։