Բացառիկ դասախոսություն՝ հիշողության ու գրքերի մասին: Սուրբ Աթոռի գլխավոր արխիվի և գրադարանի տնօրենը հայտարարել է, որ Վատիկանի հայկական արխիվները բաց են հայ գիտնականների համար:

Ապագայի նախարարը, որ դարձավ հիշողությունների տիրակալ կամ նույն ինքը Վատիկանի գլխավոր գրադարանավարն ու արխիվավարը: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հրավերով Ժան-Լուի Բրյուգեն Էջմիածնում է: Բացառիկ դասախոսություն հիշողության ու գրքերի մասին՝ հատուկ Գևորգյան ճեմարանականների համար: Սկսում են տերունական աղոթքով: 

2012 թվականին, երբ Բենեդիկտոս 16-րդ Պապը Ժան-Լուի Բրյուգեին նշանակում էր Վատիկանի գրադարանի և արխիվի գլխավոր պատասխանատու, անկեղծացել էր՝ դա այն գործն էր, որ Պապն ինքն էր ուզում անել, բայց կարդինալներն այլ որոշում էին կայացրել: 

«Նա ինձ ասաց՝ Ձեզ եմ տալիս մեր եկեղեցու գանձերը, բայց ուշադիր եղեք: Դրանք եկեղեցու մեջ են, բայց ամբողջ մարդկությանն են պատկանում», - հիշում է Հռոմի Սուրբ եկեղեցու արխիվի և գրադարանի տնօրեն Ժան-Լուի Բրյուգեն:

Երբ հարցնում են, թե քանի գիրք ու փաստաթուղթ է տնօրինում, Ժան-Լուի Բրյուգեն դժվարանում է պատասխանել, ավելի հեշտ է հաշվել, թե քանի կիլոմետր են ձգվում դրանցով լի գրադարակները: Ճիշտ 87 կմ, որի միայն մի հատվածն է ուսումնասիրված ու դասակարգված: 

«Մի մեծ պալատ գրքեր ու փաստաթղթեր են: Վերջին հարկում մեծ սրահներ ունենք, որտեղ սեղանների վրա դրված են դեռևս 18-րդ դարում մեր գրադարանին նվիրաբերված գրքերը: Դրանք դեռ ոչ ոք չի բացել, առավել ևս դասակարգել: Եվ այստեղ ուզում եմ իմ զայրույթն արտահայտել. Դեն Բրաունը, որ այդքան գրում է մեր արխիվների մասին, երբեք ոտք դրած չկա այնտեղ», - նկատում է Ժան-Լուի Բրյուգեն: 

Ամեն տարի 15 հազար գիտնական է այցելում Հռոմի Սուրբ Աթոռի գրադարան ու արխիվներ: Վայր, որտեղ պահպանվում է աշխարհի ամենահին ձեռագիր ավետարանը՝ գրված պապիրուսի վրա: Վայր, որտեղ պահպանվում է մարդկության հիշողությունը: Հիշելու ամենալավ միջոցը գրելն էր, սա գիտեին քրիստոնյաներն ու գրել են գրեթե ամեն ինչի մասին: 

«Մարդկությանը ոչնչացնելու համար նրա մարմինն են սպանում: Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում: Իմ եզրակացությունը հետևյալն է, այն անձը, որ կորցրել է իր հիշողությունը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների համար, դա ճիշտ է նաև պետությունների համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն կրկնելուն», - ասում է Ժան-Լուի Բրյուգեն: 

Հայաստան գալուց առաջ Սուրբ Աթոռի արխիվավարը խնդրել էր առանձնացնել հայերին վերաբերող փաստաթղթերը: Չափազանց կարևորներից 15-ն է առանձնացնում: Ամենահին փաստաթուղթը թվագրվում է 11-րդ դարով՝ 1080 թվականով: Այնտեղ է նաև Ցեղասպանության ժամանակ Հռոմի Պապի նամակները` ուղղված Թուրքիայի իշխանությանն ու հայերին: Արխիվի հայկական հատվածը քիչ է ուսումնասիրված: 

«Ես նաև այստեղ եմ, որպեսզի բոլորի համար բացահայտեմ, որ Վատիկանի գրադարանն ու արխիվները, որ այդքան հարուստ են նյութերով, բաց են բոլորի առաջ: Եթե կան երիտասարդ գիտնականներ, որոնք կցանկանային աշխատել մեզ մոտ, ես նրանց գրկաբաց կընդունեմ: Եվ եթե գտնվի այդ խիզախը, որը կգա ու կաշխատի մեզ մոտ, ես նրան ցույց կտամ հատկապես ձեռագրերի ֆոնդում առանձնացված երկու բաժինները՝ Բորջիանի Արմենի և Վատիկանի Արմենի: Այնտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգված է և ուսումնասիրված», - նկատում է Ժան-Լուի Բրյուգեն:

Հրավերը հնչում է ուղիղ՝ առանց տողատակերի: Գևորգյան ճեմարանի սաները ոգևորված են: Պատասխանատուները գիտեն, թե ինչ է նշանակում ուսումնասիրել Վատիկանի արխիվները: Դրա համար հատուկ պատրաստվածություն է պետք: 

Դասախոսությունն ավարտվում է, բայց Սուրբ Աթոռի գլխավոր արխիվավարը դեռ դահլիճում է: Նրան հետաքրքիր է ճեմարանականների պատմությունը, թե ինչպես որոշեցին հոգևոր կրթություն ստանալ և ինչպես արձագանքեցին ընտանիքում: Իսկ վերջում օրհնություն՝ Ժան-Լուի Բրյուգեից: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել