Հրապարակային խոսքում հաճախ կարելի է հանդիպել այսօրվա Հայաստանում տիրող կարգերի՝ «ֆեոդալական», «ֆեոդալիզմ» եւ կառավարական ու տնտեսական վերնախավի՝ «ֆեոդալներ» բնութագրմանը: Ընդ որում, այդ  բնութագրումը ունի հստակ բացասական երանգավորում: Այդ երանգը սակայն միակ հստակ բանն է, որը կարելի է ասել ֆեոդալիզմ եզրի օգտագործման հետ կապված: Իմաստի տեսակետից այդ եզրը ներկայիս հայաստանյան կոնտեքստում զուրկ է որեւէ հստակությունից՝ գրեթե նույնանալով անբովանդակ հայհոյանքի: Իհարկե, հրապարակախոսությունից (այդ թվում հրապարակային քննարկումներից) միշտ չէ, որ կարելի է պահանջել եզրերի օգտագործման գիտական ճշգրտություն, սակայն, թվում է, որ «ֆեոդ-» արմատից ծագած եզրերը մեր հրապարակային խոսքում «հաջողությամբ» լրացնում են «պարազիտ» բառերի շարքը, որոնց իմաստի եւ օգտագործման հստակության մասին ոչ ոք չի հոգում, եւ որոնք ստեղծում են «հավելյալ գոյությունների» կուռ մի զորասյուն՝ խանգարելով իրականության անմիջնորդ ընկալմանը, այսինքն եւ իրականության փոփոխությանը ուղղված գործունեության արդյունավետությանը: Թվում է, թե գործ ունենք զուտ ակադեմիական խնդրի հետ: Իրականում, սակայն, այստեղ նշմարվում է լուրջ աշխարհայացքային ու, թերեւս, լայն իմաստով՝ քաղաքական ենթատեքստ:

Ո՞րն է ենթատեքստը: Այսօրվա Հայաստանը ֆեոդալական բնութագրելը, ըստ էության, նշանակում է երկրի հետամնացությունը բացատրել գերազանցապես միջնադարյան պատմական ժառանգությամբ: (Իհարկե, «բացատրոթյուն» ասվածը տվյալ դեպքում բավականին լայն պետք է հասկանալ, քանի որ խոսքը հաճախ ոչ թե գիտակցված դիրքրոշաման մասին է, այլ ենթատեքստի, որը կարող է եւ չգիտակցվել եզրը օգտագործողի կողմից): Հետեւաբար, երկրի արդիականացումը այս պարագայում պետք է հասկացվի որպես «ֆեոդալիզմի», այսինքն` միջնադարից ժառանգած պատմական ավանդույթի հաղթահարում: Կարծում եմ, սակայն, որ ներկայիս Հայաստանում «ֆեոդալիզմ» փնտրողները սխալվում են մի քանի կետերում, եւ այդ սխալները ունեն կարեւոր գործնական հետեւանքներ: Փորձենք տեսնել այդ սխալները:

Նախ՝ կարծում եմ՝ դժվար չէ հերքել, որ այսօրվա Հայաստանում ֆեոդալիզմ չկա, ֆեոդալիզմի ինչպիսի սահմանում էլ ընդունենք: Եթե ընդունենք մարքսիստական դասական սահմանումը՝ ֆեոդալիզմը հասարակական-տնտեսական «ֆորմացիաներից» մեկն է, որը նախորդում է կապիտալիզմին, եւ որը հիմնված է հողատերերի կողմից գյուղացիների շահագործման վրա: Այսօրվա Հայաստանում տիրապետողը կապիտալիստական հարաբերություններն են, որոնք հիմնված են կապիտալի կուտակման վրա: Կարծում եմ՝ դժվար կլինի գտնել մեկին, ով ժխտի այն փաստը, որ այսօրվա Հայաստանի տնտեսական հարաբերություները կապիտալիստական են եւ վատ թե լավ, բայց ինտեգրված են համաշխարհային համակարգի մեջ: Հարցը միայն այն է, թե այդ տնտեսական հարաբերությունների ո՛ր մասն է իրականում ձեւավորվել սովետական համակարգի ընդերքում, իսկ ո՛ր մասը 90-ականների բարեփոխումների արդյունք է: Իհարկե, ֆեոդալիզմի սահմանման բազմաթիվ այլ՝ ոչ մարքսիստական տարբերակներ կան (ոմանք էլ, ընդհանրապես մերժում են «ֆեոդալիզմ»-ը որպես ճշգրիտ պատմագիտական եզր): Նպատակներիս մեջ չի մտնում այդ սահմանումների մանրամասն ներկայացումն ու վերլուծությունը: Նշեմ միայն, որ դրանց զգալի մասն, ի տարբերություն մարքսիստական մոտեցման, շեշտը դնում են ոչ թե տնտեսական, այլ հասարակական հարաբերությունների վրա: Այդպես հասկացված ֆեոդալիզմը ենթադրում է ռազմական ազնվականության խավ, հողատիրական հատուկ ձեւ, սյուզերեն-վասալ հարաբերություններ եւ այլն: Շատ կարեւոր են նաեւ այն աշխարհայացքային, մշակութային, էթիկական եւ էսթետիկական ձեւերը: Դժվար է գտնել մի իրապես ֆեոդալական հասարակություն, ուր առաջ չգան հատուկ «ասպետական կոդեքսներ», ուր էթիկան չկրի յուրահատուկ էսթետիզմի ուժեղ ազդեցությունը եւ այլն: Վերջապես, դժվար է նաեւ բերել «ֆեոդալական» բռնկալության կամ դիկտատուրայի համոզիչ օրինակներ՝ կենտրոնացումը առհասարակ բնորոշ չէ ֆեոդալիզմին: Վիճելի է նաեւ ֆեոդալիզմի աշխարհագրական ընդգրկման խնդիրը: Դասական մարքսիստական սխեման ֆեոդալիզմը միջնադարյան ունիվերսալիա է համարում: Բայց նման լայն մեկնաբանությունը ընդունված չէ ոչ մարքսիստ պատմաբանների մեծ մասի կողմից: Ֆեոդալիզմը քիչ թե շատ ընդունված եզր կարելի է համարել միայն Արեւմտյան Եվրոպայի միջնադարի համար: Միեւնույն ժամանակ դժվար չէ նկատել արեւմտաեվրոպական ֆեոդալիզմի շատ մոտիկ համակարգեր, ասենք՝ միջնադարյան Ճապոնիայում, կամ՝ Հայաստանում ու Վրաստանում: Իսկ, օրինակ, Գյոռնին ֆեոդալական է կոչում խեթերի հասարակությունը, որը, մեղմ ասած, միջնադարին չի վերաբերում: Մյուս կողմից, միջնադարի այնպիսի կարեւոր հասարակություններ, ինչպիսիք են Բյուզանդիան, Չինաստանը, Արաբական խալիֆայությունը, կարծես, դուրս են մնում ֆեոդալիզմի «տիրույթից»: Կարելի է ենթադրել, որ ֆեոդալիզմը ավելի բնորոշ է այս կամ այն քաղաքակրթության ծայրամասային կամ կայսերական կենտրոնացումից դուրս գտնվող տարածքներին: Ինչեւէ, այսպես հասկացված ֆեոդալիզմը է՛լ ավելի կասկածելի է դարձնում այդ եզրի օգտագործման իմաստը ներկայիս Հայաստանի նկատմամբ: Ճիշտ է, միջնադարյան Հայաստանը գոնե Արշակունիների շրջանում եւ հետագա դարերում՝ մինչեւ Զաքարյաններ եւ Կիլիկիայի թագավորություն (13-14 դդ.) իր հասարակական հարաբերություններով եւ մշակույթով բավականին մոտ է արեւմտաեվրոպական դասական ֆեոդալիզմին: Բայց այսօրվա հայերի ու այդ պատմական շրջանի միջեւ մեծ ժամանակագրական տարածություն կա. գոնե 14-րդ դարից հետո հայերը գրեթե զրկվում են ազնվական սեփական դասից, հետեւաբար նաեւ դրան բնորոշ մշակույթից իր էթիկայով եւ էսթետիկայով հանդերձ: Հայերի ճնշող մեծամասնությունը մնում է գյուղացի, իսկ տիրապետող եւ ճաշակ թելադրող դասը առեւտրականներն են, հետագայում էլ հայկական բուրժուազիան: Այսօրվա հայերը «ծագումով» բուրժուական ազգ են, այլ ոչ թե «ֆեոդալական»: Այսօրվա Հայաստանում չկա ֆեոդալիզմին բնորոշ էթիկայի եւ էսթետիկայի որեւէ ուշադրության արժանի մնացուկային նմուշ, որը հնարավոր կլիներ էական համարել երկրում իրավիճակ ձեւավորելու առումով:

Սակայն այսքանը, թերեւս, ամենաէականը չէ: Ավելի հետաքրքիր է այն, որ օրինակելի համարվող այսօրվա եվրոպական արժեքներից շատերը ձեւավորվել են հենց միջնադարյան՝ դասական ֆեոդալիզմի Եվրոպայում: Իհարկե, այսօրվա Եվրոպան ֆեոդալական չէ եւ որպես այդպիսին կայացել է հաճախ միջնադարի ժառանգության հաղթահարման հաշվին: Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պետք չէ մոռանալ, որ աբսոլյոտիզմի դեմ ուղղված հեղափոխությունները (աբսոլյոտիզմն էլ, ի դեպ, ձեւավորվեց ոչ թե դասական ֆեոդալիզմի, այլ վաղ կապիտալիստական հարաբերությունների շրջանակում) որոշակի ժառանգական կապ ունեն միջնադարյան դասային ներկայացչության համակարգի հետ: Հավասարության եւ ազատության մասին պատկերացումները նույնպես սկզբնապես ձեւավորվել են ֆեոդալական՝ ասպետական համակարգի շրջանակներում, թեեւ այդտեղ դրանք վերաբերել են ոչ թե ողջ բնակչությանը, այլ միայն առանձին հասարակական խմբին: Բայց նույնիսկ այդ սահմանափակ մեկնաբանությունը հակադրվում է նույն աբսոլյոտիզմի կամ, ասենք, արեւելյան բռնակալության եւ կայսերական բյուրոկրատիզմի շրջանակներում տիրող պատկերացուներին, ուր ազատ ու ինքնիշխան է համարվում միայն տիրակալը կամ միայն պետությունը: Մարդու արժանապատվության մասին պատկերացումները, կնոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքը, պատերազմ վարելու սկզբունքները եւ այլն նույնպես սկզբնապես ձեւավորվում են ֆեոդալական՝ ասպետական էթիկայի շրջանակներում: Միջնադարում է ձեւավորվում նաեւ քաղաքների եւ համալսարանների ինքնավարության ծագումնաբանությունը: Ֆեոդալական՝ միջնադարյան ժառանգությունն այդ առումով այսօր էլ մեծ դեր է կատարում եվրոպական քաղաքակրթության մեջ: Հետաքրքրիր է, որ արեւմտականացման եւ արդիականացման առավել հաջող փորձերից է Ճապոնիայի  փորձը, որի միջնադարը շատ նման էր արեւմտաեվրոպականին, ի տարբերություն, ասենք, Չինաստանի կամ Ռուսաստանի, որոնք ունեն տարբերվող պատմական փորձ: Թերեւս, ուշագրավ է, որ մեր տարածաշրջանում էլ Վրաստանը՝ մի երկիր, ուր դասական ֆեոդալիզմը տիրապետող էր մինչեւ 19 դար, եւ ուր այսօր էլ ֆեոդալիզմի մնացորդները շատ-շատ ավելի ակնհայտ են քան Հայասատանում, նույնպես առաջատար է թվում դեպի արդիականացում գոնե իր ձգտմամբ, եթե չասենք նաեւ ավելի ակնառու հաջողությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշեցի, դասական ֆեոդալիզմի շրջանը մեզ մոտ ավարտվեց 14 –րդ դարում: Եվ, կարծում եմ, անհույս է փնտրել մինչեւ 14-րդ դարում եղածի մեջ մեր այսօրվա խնդիրների պատճառները, առավել եւս պայքարել ուրվականների հետ: Ավելին, հաշվի առնելով, մեր միջնադարի նմանությունը արեւմտաեվրապական միջնադարին (եւ տարբերությունը բյուզանդականի տիպի միջնադարից), մեր ֆեոդալական՝ միջնադարյան ժառանգությունը որոշ չափով կարող է նույնիսկ դաշնակից, այլ ոչ թե հակառակորդ դուրս գալ երկրի զարգացման եւ արդիականացման գործում: Իհարկե, եթե այդ ժառանգությունը համապատասխանաբար մեկնաբանվի եւ վերաիմաստավորվի, քանի որ դրա կենդանի մնացորդները իրականում գրեթե բացակայում են, եւ մնում է միայն աշխատանք տեքստերի եւ խորհդանիշների հետ: Իսկ ներկայիս Հայաստանի խնդիրների ակունքները պետք է փնտրել ոչ թե ֆեոդալիզմի՝ ազգային պատմական ժառանգության, այլ ավելի ուշ պատմական շրջաններում, հատկապես սովետական անավարտ կամ ձախողված արդիականության շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել