Իսկ հիմա առանց էմոցիաների ու անձնական որակումների՝ ոչ էնքան Հայրիկյանին 20 միլիոն շաբաշ անելու, ինչքան դրան հետևած արձագանքների մասին՝ մասնավորապես պետական կառույցներից ու քաղաքական գործիչների կողմից հնչեցվող։
Մենք հստակ ականատես ենք լինում, որ մեր պետական համակարգը դրսևորում է տոտալ ու համապարփակ ոչ ադեկվատ վարք և սա այն պայմաններում, որ գործ ունենք ընդամենը մեկ կամ մեկ խումբ չինովնիկների հանցավոր անփութության կամ պետական միջոցների աննպատակ վատնման հետ։
Ուրեմն, էստաֆետը բացեց Գալուստ Սահակյանը, ով միայն իրեն հայտնի օրենքներից մոգոնեց, որ քանի որ մահափորձը եղել էր նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում, ապա պետությունը պարտավոր է հոգալ բոլոր ծախսերը, եթե նախագահացուի հետ որևէ բան պատահի։ Կրկնում եմ, եթե ինչ-որ մի տեղ նման ախմախ օրենք էլ կա, նման օրենք ինձ հայտնի չէ, առավել ևս, երբ թեկնածուն ինքն է հրաժարվում պետության կողմից տրամադրվող թիկնապահներից։
Հետո կառավարության աշխատակիցներից մեկը շատ հպարտ դեմքով հայտարարում է, որ սա մարդասիրության դրսևորում է, իսկ մնացած սոցիալական հարցերը լուծվում են համապատասխան միջոցներով (ո՞ւր ա, որ լուծվում են):
Հետո ի հայտ է գալիս առողջապահության նախարարության էլ ավելի հանճարեղ հայտարարությունը, որտեղից իմանում ենք, որ բացի նրանից, որ այս հանճարեղ նախաձեռնությունը բխում է առողջապահության նախարարությունից, որտեղ անգամ ուսի հրազենային վնասվածք չեն կարողանում բուժել, դեռ մի բան էլ, մեր ԱՆ-ը ուսումնասիրում է, թե ով ինչքան ավանդ ունի Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու պետականության կայացման հարցերում ու ըստ այդմ ռեկոմենդացիաներ է անում, որ կյանքին վտանգ չսպառնացող ինչ-որ տրավմայի բուժման համար այնքան գումար հատկացվի, որքանով կարելի է փրկել մի քանի երեխայի կյանք, որոնց ծնողների օգնության աղերսները հանրամատչելի են հատկապես համացանցում։ Եվ սա այն պարագայում, որ Հայաստանում չկա ստատիստիկա, թե քանի մարդ է մահանում տարեկան, որոնց հրաժարվում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերել՝ փող չունենալու պատճառով...
Ու հիմա ի՞նչ ենք տեսնում. Ֆեյսբուքում բարձրացած աղմուկի պատճառով պետական ապարատը իր տարբեր մակարդակներով ինչ-որ բարբաջանքներ ա հրամցնում, որոնք ոչ միայն իրարից տարբեր են, այլև հակասում են միմյանց։ Կրկնում եմ՝ սա այն դեպքում, երբ գործ ունենք մեր կառավարության կողմից արված բնավ էլ ոչ ամենամեծ զանցանքի հետ։ Բա լավ, որ հանկարծ Աստված չանի պատերազմ սկսվեր, կամ որևէ այլ լուրջ միջադեպ լիներ, ո՞նց էր երկիրը կառավարելի մնալու սենց ոչ ադեկվատ ու անկազմակերպ պետական համակարգի ներքո, կհուշե՞ք։



