Barometer.am-ը գրում է.

Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Պարոն Շարմազանովը կարևորել է միջազգային հարթակներում համախմբված աշխատելը և միմյանց աջակցելը, այդ թվում ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

"Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը",-ասել է պարոն Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում:

Դեսպանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ և վստահեցրել, որ երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ վերընթաց հունով: Պարոն Նազարուկը ևս կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել