Մայիսի 26-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին:
Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին, լեհ դիվանագետների ընտանիքում: Ինչպես գրում է The Washington Post-ը 1958-ին նա ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո սկսում ակտիվ գործունեություն ծավալել Միջազգային հարաբերությունների խորհրդում, այնուհետև Բիլդերբերգյան ակումբի ակտիվ ջատագովներից մեկն էր, որտեղ ընդգրկված էին հայտնի քաղաքական գործիչներ ու բիզնեսմեններ: Բժեզինսկին նաև բավականին լուրջ աշխատանքներ է տարել Եռակողմ հանձնաժողովի ձևավորման հարցերում (Խաղաղության և բարգավաճման հարցերով հանձնաժողով, որը հիմնադրվել է 1972թ-ին` հետագայում վերանվանվելով Եռակողմ հանձնաժողով, անվանումը կապված է կողմերի մասնակիցների թվի հետ` ԱՄՆ, Եվրոպա և Ճապոնիա): 1966-1968 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման խորհրդի կազմում։ Քարտերի խորհրդական եղած ժամանակ Բժեզինսկին մշակեց հակասովետական ծավալուն դոկտրին:
Բժեզինսկու արտահայտած գաղափարների և մոտեցումների վերլուծությունը պահանջում է հասկանալ այն, որ նա պատկանում է այն անձանց և շրջանակներին, որոնք ոչ միայն ձևակերպում ու հնչեցնում են աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական միտումներ, այլև ձևավորում են դրանք։ Բժեզինսկին համաշխարհային հանրությանը ոչ միայն և ոչ այնքան տեղեկացնում է աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որքան մասնակցում է այդ ասպարեզի ձևավորմանը։ Բժեզինսկու գիտական, քաղաքական, տեղեկատվական և այլ ակտիվությունը հենց այն դեպքն է, երբ խոսքի և գործի, տեղեկատվական իրադարձության և իրականության միջև սահման անցկացնելն ավելի քան դժվար է դառնում։ Նման իրավիճակում դատողություններն աշխարհի առաջարկվող տեսլականի իրականացվելիության մասին դառնում են ոչ կոռեկտ, քանի որ Բժեզինսկու արտահայտած գաղափարները կարող են առաջ բերել գործընթացներ և ակտիվություն, ինչը, վերջին հաշվով, կհանգեցնի այդ գաղափարների կենսագործմանը։
Բժեզինսկու առաջարկվող միջոցները և «դեղամիջոցն» այնքան արմատական են, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե պարզապես քաղաքական վերնաշենքի փոխակերպման, այլ նորի՝ արդեն գլոբալի ստեղծման մասին։ Ըստ էության Բժեզինսկին գերհարուստների իշխող դասին առաջարկում է համաձայնել «վերևից հեղափոխության» անցկացման անհրաժեշտության հետ ։
Եվրասիայի և հետխորհրդային տարածքի համար հետաքրքրություն են ներկայացնում ապագայի առաջարկվող տեսլականի աշխարհաքաղաքական ասպեկտները։ Ատլանտյան ընկերակցությունը գլոբալ ուժի վերածելը կպահանջի ներառել նաև Ռուսաստանի և Թուրքիայի անխուսափելի աշխարհաքաղաքական «ձևաչափի վերափոխում»։ Բժեզինսկին առաջարկում է Ռուսաստանին դառնալ նոր ատլանտյան ընկերակցության մի մասը: Ռուսաստանի քաղաքական դաշտի վրա նետված նույնիսկ թռուցիկ հայացքը խոսում է այնտեղ այնպիսի քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի առկայության մասին, որոնց համար Ռուսաստանի ապագայի նման տեսլականն ընդունելի է։
Մի առիթով լեհ գեոպոլիտիկը հայտարարել է. «Կովկասի տարածաշրջանը անկայուն է, ունի լոկալ հակամարտությունների պոտենցիալ: Ուստի միջազգային հանրությունը պետք է առավել զգուշորեն մոտենա Կովկասի պետությունների անվտանգության խնդիրներին եւ ակտիվորեն աջակցի տարածքային եւ ազգային հակամարտությունների կարգավորմանը»: Խոսելով Կոսովոյի անկախության հռչակման եւ որպես նախադեպ այդ փաստի օգտագործման հնարավորության մասին` Զ.Բժեզինսկին հայտարարել է, որ Կոսովոյի ժողովրդի անկախության ձգտմանը սատարեց ԵՄ-ն, և Եվրամիությունն էլ իրավասու է հետագա որոշում կայացել: Ընդ որում ամերիկացի քաղաքագետը չի կարծում, թե Կոսովոն նախադեպ կստեղծի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղարաբաղի եւ Հյուսիսային Կովկասի հակամարտությունների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կտրուկ տարբերվում է Կոսովոյից: