Վերջին շրջանում շատ է քննարկվում Ադրբեջանի նավթային պաշարների և, ընդհանրապես, տարբեր վելուծություններ ու թեզեր են հանդիպում՝ կապված մեր հարևանի ածխաջրային պաշարների վերաբերյալ: Այս ոլորտին անդրադառնալիս անհնար է շրջանցել ադրբեջանական նավթային ոլորտի մի քանի կարևոր գերատեսչությունների դերակատարումն այս գործընթացում:
SOCAR-ից հետո սա այս ոլորտի հաջորդ կարևոր կառույցն է, որը պատասխանատու է զարգացման քաղաքականության մշակման և իրականացման, պաշարագիտական հետազոտությունների կատարման, ինչպես նաև արտահանման համար: Իրականում, սակայն, նախարարության դերակատարումը խիստ սահմանափակված է Արդյունքի բաշխման hամաձայնագրերով, որոնք ունեն օրենքի ուժ, և որոնք կարգավորում ու սահմանում են երկրում գործող միջազգային նավթային ընկերությունների գործունեության ողջ տիրույթը` ածխաջրածինների բուն արդյունահանումից մինչև հարկերի վճարում և սոցիալական կորպորատիվ պարտականություններ:
Այսպիսով՝ Բաշխման համաձայնագրերի առկայությունը՝ մի կողմից և երկրի նախագահի հետ անմիջական ու սերտ կապերով զորեղ SOCAR-ը` մյուս կողմից, շոշափելիորեն նեղացնում են նախարարության գործունեության տիրույթը՝ զրկելով վերջինիս նավթային (և գազային) ոլորտի վրա ներազդելու գործուն որևէ լծակից: Նման իրավիճակում նախարարությունը չունի SOCAR-ին վերահսկելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ քաղաքական կամք: Բնական է, որ այս իրադրությունը զգալի լարվածություն է ստեղծում SOCAR-ի և նախարարության միջև, խորացնում է այդ ընկերության գործունեության ոչ թափանցիկ լինելը և մեծացնում կոռուպցիոն ռիսկերը: Իրադրությունն այստեղ արտացոլվում է Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) և կառավարության, հատկապես` ֆիննախի միջև հարաբերություններում, երկրի պետբյուջեի ձևավորման և դրա իրականացման ու վերահսկման հարցերում:
Ադրբեջանի նավթային հաջորդ կարևոր սեկտորը Միջազգային օպերացիոն ընկերությունն է (AIOC), որին բաժին է ընկնում Ադրբեջանում արդյունահանվող նավթի 80%-ից ավելին: Ըստ էության՝ այն Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտը շահագործելու դեռ 1994թ. «դարի պայմանագրի» մրցույթը շահած 10 ընկերություններից կազմված կոնսորցիում է, որը Amoco ընկերության հետ միաձուլումից հետո (1998թ.) ներկայումս ղեկավարում է British Petroleum ընկերությունը և որը շահագործում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտը: Այս միաձուլումը BP-ի առաջ բացեց բենզինի մանրածախ վաճառքի ամերիկյան շուկան: Փոխարենն այն վերանայեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանման ու հատկապես Բաքու-Թբլիլիսի-Ջեհյան նավթամուղի հանդեպ իր թերահավատ վերաբերմունքը:
2008-ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմից, ՌԴ-ի կողմից Հրվ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո ԱՀ իշխանություններն ընդունեցին BP ընկերության «փաթեթային» առաջարկը և համաձայնեցին թե՛ երկարացնել վերջինիս հետ 1994թ. կնքված Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտի արդյունահանման Բաշխման համաձայնագրերի ժամկետը, թե՛ համաձայնեցին վերջինիս դիտարկել որպես Շահ Դենիզի գազային ծրագրի 2-րդ փուլի, ինչպես նաև նավթադաշտի «խորքային գազի» արդյունահանման ծրագրի ղեկավար։
Ադրբեջանի այս դիրքորոշման, British Petroleum-ը հաստատեց վճռականությունը՝ շարունակել Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթի արդյունահանումը, հասցնել այն խոստացված 1.0-1.1 մլն բ/օր ցուցանիշին, ինչի համար ձեռնամուխ եղավ նշված նավթադաշտի արդյունահանման 4-րդ լրացուցիչ փուլի իրականացմանը:
2011թ. հուլիսին Devon ընկերության այս բաժնից 1.65%-ը BP-ն վաճառեց SOCAR-ը ներկայացնող AzACG Ltd. ընկերությանը, ինչը բարձրացրեց SOCAR-ի մասնակցությունը կոնսորցիումում նախկին 10%-ից մինչև 11.65%-ի: 1992-ից ի վեր BP-ն Ադրբեջանում առավելագույն ներդրումներ իրականացրած օտարերկրյա ընկերությունն էր` մոտ $33 մլրդ 2012թ. հունվարի դրությամբ: