Ամերիկացի գիտնականները National Geographic-ի աջակցությամբ հանդիպում են կազմակերպել Վաշինգտոնում՝ քննարկելու վաղուց վերացած 24 կենդանատեսակի վերստեղծելու հարցը, հայտնում է Daily Mail-ը։
Սակայն մասնագետներն ընդգծում են, որ դինոզավրերն այդ ցուցակում ներառված չեն, քանի որ նրանց ԴՆԹ-ն չափից ավելի հին է։ Հնարավոր վերստեղծվելիք կենդանիների ցանկում են հանրահայտ Դոդո թռչունը, Կարոլինյան երկարապոչ թութակը, որը վերացել է 1900-ական թվականներին և Կվագգա զեբրը, որը ժամանակին բնակվել է Հարավային Աֆրիկայում։ Այն անհետացել է 19-րդ դարի վերջին: Վերջին ներկայացուցիչը սատկել է 1883 թվականի օգոստոսի 12-ին, Ամստերդամի կենդանաբանական այգում:
Այս կենդանիներին ընտրելու ժամանակ մասնագետներն առաջնորդվել են նրանով, թե արդյոք այդ կենդանատեսակների գոյության պահանջը կա՞ բնության մեջ, կամ թե որքանո՞վ են դրանք սիրված եղել մարդկության կողմից։ Բացի այդ հաշվի է առնվել այն հանգամանքը, թե արդյո՞ք դրանք կկարողանան գոյատևել ներկայիս էկոլոգիական պայմաններում։
The Washington Post-ը, իր հերթին, նշում է, որ այս նախագիծը գիտնականներին կարժենա հարյուր հազարավոր դոլարներ, և հայտնի չէ՝ նրանց կհաջողվի՞ դրական արդյունքի հասնել։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ 10 տարի առաջ ֆրանսիացի և իսպանացի գիտնականները վերստեղծել են վերացած վայրի այծին, որը, ցավոք, ապրել է ընդամենը 10 րոպե։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել