Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մշակութային արժեք ներկայացնող կոթողների վերականգնման և պահպանման հարցերով, որոնք գտնվում են երկու երկրների տարածքում։ Այդ մասին նշված է Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների ստորագրած համատեղ հուշագրում։
«Ըստ փաստաթղթի՝ կողմերն իրականացնելու են Վրաստանի տարածքում գտնվող և օսմանյան մշակույթի ժառանգություն ներկայացնող հուշարձանների ու Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակույթի կոթողների պահպանություն»,-նշված է Վրաստանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։
Վրաստանի տարածքում օսմանյան դարաշրջանի հուշարձանների պահպանումը նպատակ ունի մեծացնելու թուրք զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ հուշարձաններ, ինչպես նաև հետագայում այդ տարածքների նկատմամբ ունենալ «պատմական» իրավունքներ ու հավակնություններ։ Թուրքական որոշ քարտեզներում Աջարիան արդեն մտնում է Թուրքիայի կազմ, իսկ Էրդողանի նեոօսմանականության ուղենիշը մոտակա տարիներին միայն ավելացնելու է թուրքական ազդեցության գոտին մեծացնելու Անկարայի «ախորժակը»։ Թուրքական այդ հավակնությունները տարածվելու են նաև Ջավախքում` Ախալցխայի շրջան և այլն, ինչպես նաև Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջան։ Հետ չի մնում մեծ եղբորից նաև Ադրբեջանը. նրանց դասագրքերում Թբիլիսին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք։
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում:
Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը։
Եթե թուրք-ադրբեջանական տանդեմի համար այդպիսի զորավարժությունների անցկացումը նպատակ ունի հետագայում զորքերի փորձն օգտագործելու Ղարաբաղի դեմ, ապա Վրաստանի համար այդպիսի կոալիցիայի մաս կազմելը մի կողմից հարվածում է հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից` պրակտիկ առումով ոչինչ չի տալիս վրացական զինված ուժերին։ Աբխազիայի ու Հվ. Օսիայի դեմ պատերազմել, ըստ ռուս-աբխազական ու ռուս-օսական նոր պայմանագրերի, կնկաշակի պատերազմել ՌԴ-ի դեմ, որի զորքերն էլ հսկում են աբխազա-վրացական ու աբխազա-օսական սահմանը։
Վրաստանի զինված ուժերի պատրաստությունը տեղի է ունենում ամերիկյան, ՆԱՏՕ-կան չափանիշներով, նրանց մասնագետների օգնությամբ ու տարբեր ֆորմատներով զորավարժությունների ընթացքում (Վազիանի, Աֆղանստան, Իրաք և այլն), սակայն Վրաստանի մասնակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմի զորավարժություններին, իհարկե, Վրաստանի ներքին գործն է ու սուվերեն իրավունքը, սակայն դա բացասական երանգ է թողնում հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր տրամաբանության, ոգու վրա։ Դա նույն է, ինչ ՀՀ-ն մասնակցի աբխազական և օսական զորքերի հետ համատեղ զորավարժություններին։
Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը: Թուրքիան, նույն վիճվարչության տվյալներով, 73 միլիոն (5%) ներդրում է կատարել: Այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ, գոնե նախորդ տարվա տվյալներով, կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են։ Ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ, կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:
Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով հէկերի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային, դե-յուրե՝ հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով։ Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:
Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար: