Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խախտել է տևական լռությունը, հանդես է եկել հարցազրույցով, որով իր պատկերացումների մասին կիսվել է, ապա խոսել անելիքների մասին։ Րաֆֆին իր ոճի մեջ, մի քիչ աղճատված լեքսիկոնով կցկտուր բաներ է ասել, սակայն մի կարևոր իրողություն արժե արձանագրել։ Անկախ նրանից, թե ինչքանով է ռացիոնալ կամ իռացիոնալ այս մարդը իր քաղաքական ձևակերպումներում ու առավել ևս՝ գործողություններում, նրա անմիջականությունը, սեփական սխաներն անվերապահ ընդունելու ու իր ընդդիմախոսների հետ հետագայում մեկ ընդհանուր նպատակի շուրջ համագործակցելը չեն կարող աչք չծակել ու գովասանքի չարժանանալ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե քաղաքական առումով սա ինչ-որ արդյունք է տալու, բայց սա բնավորության այն գիծն է, որը պակասում է մեր քաղաքական դաշտին, ընդ որում՝ հավասարապես վերաբերելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչներին։ Օրինակ՝ տեսեք, այն ուժերը, որոնք չեն անցել Պառլամենտ, անցնողների հասցեին շատ հաճախ թույլ են տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ, թե նրանք վերահսկելի են, թե նրանք ընդդիմություն չեն և այլն։ Այսինքն՝ նույնիսկ մարգինալ լինելով՝ իրենց դնում են չգիտես ինչի տեղ ու այդպես խոսում այս պահին գոնե իրենցից նախապատվելի դիրքերում գտնվող ուժերի նկատմամբ։ Ինչ մնում է իշխանություններին, նրանց մոտ բան չի փոխվել։ Գեղեցիկ խոսքեր, շռայլ խոսքեր, սակայն երբ գալիս է հանդուրժելու ու ընդդիմությանը գոնե ինչ-որ, ոչինչ չորոշող հանձնաժողով տրամադրելու հարցին, նորից էգոն գլուխ է բարձրացնում, ու այդքանով ամեն ինչ ասված է։ Արդյունքում այսօր ունենք այսքան ապականված քաղաքական դաշտ, ու մնացած բոլոր խոսակցությունները՝ նոր պառլամենտական մոդել, նոր համակարգ, վերահսկողություն և այլն, հեքիաթի ժանրից են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: