Որ Առաջին հանրապետության դեմ հայ բոլշևիկները անդուլ գործունեություն էին ծավալել հենց անկախության առաջին ամիսներից, դա բոլորին է հայտնի: Բոլշևիկների այդ քայքայիչ գործունեությունը ավելի սաստկացավ, երբ 1920 թվականի մայիսին նրանց ավանտյուրան տապալվեց:
1920 թվականի սեպտեմբերի սկզբներին, երբ հայտնի դարձավ, որ թուրքական հարձակումը Հայաստանի վրա անխուսափելի է դառնում, և հիմնական բախումը լինելու է Ղարսի ուղղությամբ, բոլշևիկյան գործակալական ցանցն աբողջությամբ աշխատում էր երկու հիմնական ուղղություններով.
1. Խանգարել և տապալել հանրապետությունում սկսված համընդհանուր զորահավաքը.
2. Ամեն կերպ բարոյալքել հայ զինվորին, նրան դրդել դասալքության, հրամանատարներին չենթարկվելու, անգամ նրանց վրա ձեռք բարձրացնելու:

gaxtni
Վերևում բերված փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է նշված խնդիրների իրականացմանը, սակայն այն բնօրինակը չէ երկու պատճառներով: Գրության թուղթը շատ թարմ տեսք ունի և տառատեսակներն ու տպագրության լեզուն համապատասխանում են հետպատերազմյան (1945-50թթ) ժամանակին:
Հավանաբար բնագիրն այնքան վատ վիճակում է եղել, որ նրանից տեքստը մեքենագրվել է շատ ավելի ուշ: Պիտի ենթադրել նաև, որ այդ թռուցիկը նախատեսված է եղել ոչ թե պահոցներում թղթապանակներում կարելու համար, այլ ագիտացիայի նպատակով, մինչդեռ այստեղ պարզ երևում է, որ տեքստը զգալիորեն տեղաշաշժված է դեպի աջ՝ հենց պահոցում պահելու նպատակով:
Մի դրվագ եմ ուզում ձեզ ներկայացնել բոլշևիկյան դավաճանության հետևանքով 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Ղարսում տեղի ունեցած դեպքերից, որն ապացուցում է, թե ինչպիսի ճակատագրական դեր են խաղացել բոլշևիկները բերդաքաղաքի անկման գուրծում:
…Առավոտյան թուրքերը հարձակման անցան: Բերդի հրետանու ռուս հրամանատար Կապիտան ԿԼԵՇԸ հրամայեց հրետանավորներին կրակ բացել թշնամու վրա, սակայն ենթականերից ոչ մեկը տեղից չշարժվեց… Հրամանը կրկնվեց, բայց բոլորը մնացին իրենց տեղերում: Այդ ժամանակ հրամանատարն ինքը վազեց արկերի արկղների մոտ, բերեց արկը, լիցքավորեց հրանոթը, նշան բռնեց ու կրակեց: Այս ձևով նա երեք արկ արձակեց թուրքերի վրա, սակայն տեսնելով, որ ենթականերն իր օրինակին չեն հետևում, ամոթից և հուսահատությունից ինքնասպան եղավ դավաճան զինվորների աչքի առաջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել