Հասարակա-քաղաքական շարժումները որպեսզի հաղթեն, անհրաժեշտ է, որ դրանց նախորդի քաղաքական մտքի շարժումը: Բայց չարաղետ մի դիպվածով մեզանում շարժումները ծնվում են քաղաքական մտքի տեղատվության, անկման փուլում: Եվ ամեն անգամ նման շարժումների ի հայտ գալուց հետո դրանց առաջնորդները կանգնում են մի բարդ հարցի առաջ՝ «Իսկ ի՞նչ անել հետո»:
Այդ հարցի պատասխանը հին առաջնորդներից և ոչ մեկը չկարողացավ գտնել, ու շարժումները վերացան անհետք:
Կոնկրետ ներկա շարժմանը նախորդել էր քաղաքական մտքի ամենախոր ճահճացումը, երբ առանցքային կուսակցություններն ու քաղաքական երևելիները հարկ չհամարեցին մասնակցել անգամ նախագահական ընտրություններին՝ ներքուստ ընդունելով, որ պայքարի հին մեթոդները արդյունք չեն տալիս:
Թե ինչ արդյունք կունենա ներկա շարժումը, դժվար է ասել, և բայց ակնհայտ է քայլերի առումով առաջնորդների շփոթված լինելը: Սա մեր բոլորի թերացումն է:

Մեր շարժումները քաղաքական մտքի արգասիք չեն. որքան էլ չընդունենք, դրանք սահմանված են Սահմանադրությամբ, ու երեխան էլ կարող է ասել, թե երբ է լինելու հաջորդ շարժումը:
Մինչդեռ հասարակա-քաղաքական շարժումը որպեսզի հաջողության հասնի, նախ քաղաքական գործիչները պիտի գտնեն մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝
-ինչու՞ պայքարի ներկա մեթոդները արդյունք չեն տալիս,
-ի՞նչ է Մարդը,
- ի՞նչ է Ազգը, և այսպես շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել