ՀՀԿ-ն, ինչպես ընդունված է համարել հայկական քաղաքական լեքսիկոնում, մեծ կազմակերպություն է, ու եթե նա որոշել է ի վերջո ռեստարտ լինել, ապա դրա համար համապատասխան ժամանակ ու ռեսուրս է անհրաժեշտ։ Ռեսուրս, իհարկե, կա, ու այդ վերակազմակերպումը ոչ թե ավելի շատ կադրերի կտրուկ փոփոխություն է, այլ ավելի շատ «ռակիրովկաների» մի ամբողջ շղթա։ Հիմա, դիցուք, նոր ԱԺ-ում ՀՀԿ կազմը իսկապես ներկայանալի է, համենայն դեպս, նախկինի փոխարեն, սակայն դեռ կան անձինք, որոնց ներկայությունը, մեղմ ասած, Սերժ Սարգսյանին չի գոհացնում։ Նկատի ունենք, որ չի գոհացնում ոչ թե անձը, այլ այդ անձով պայմանավորված, մի շարք հանգամանքներից կախված պաշտոնը։ Օրինակ՝ Նահապետ Գևորգյանը, ով Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ոչ ավել, ոչ պակաս առաջին տեղն էր զբաղեցրել ՀՀԿ կազմում, այժմ գտնվում է ԱԺ-ում, սակայն սույն անձնավորությանը, անշուշտ, ՀՀԿ ինտելեկտուալների ու ռեբրեդինգի սխեմայի մեջ ոչ մի կերպ Սարգսյանը ընդգրկել չի կարող։ Պարզապես օրգանապես անհամատեղելի սուբյեկտներ են։ Հետևաբար պետք է մի բան մտածել՝ հա՛մ Գևորգյանին այդ գլխացավանքից ազատելու, հա՛մ էլ, միևնույն ժամանակ, նրան ինչ-որ բանով հատուցելու համար, որովհետև մարդը մոտ քսան հազար ձայն է բերել կուսակցությանը։ Ահա և Սարգսյանը կարծես թե գտել է ձևը։ Կարելի է, օրինակ, վերջինիս գործուղել հարազատ մարզ՝ հայրենի ֆեոդալությամբ զբաղվելու, ինչը, ճիշտ է, ստատուսով ավելի ցածր պաշտոն է, սակայն եկամտաբերության առումով միգուցե ավելի նախընտրելի։ Դրան գումարած նաև՝ ավելի քիչ աժիոտաժ ու լրագրող։ Գևորգյանը, ի դեպ, լրագրողների հետ շփվելու «հարուստ» ու«դրական» փորձ ունի։
Իսկ ի՞նչ կստացվի այս ամենի արդյունքում։ Առանձնապես ոչինչ։ Մեկ կամ երկու տեղափոխումներով, իհարկե, համայնական պատկերը չի փոխվում, սակայն փոխարենը փոխվում են մարդկանց հույսերն ու պատկերացումները, որ երկրում ինչ-որ դրական բան կփոխվի։ Հիմա էլ ընտրություն չկա, ու դերակատարների տեղափոխումներով, կոսմետիկ հարդարումներով, միևնույն է, ոչինչ անել հնարավոր չէ։ Նավոն հո մեղավոր չէ, որ, իր կամքից անկախ, հայտնվել է ԱԺ-ում։ Մարդը իր համար բիզնես է անում, անշառ, բա նրան պե՞տք էր ՀՀԿ-ն։ Բայց դե գործ է, պիտի արվի, հիմա ի՞նչ արած։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: