Որոշակիորեն ուրվագծվում է ««ԵԼՔ»»-ի դիրքավորվածությունը ԱԺ-ում։ Այստեղ հիմանականում անփորձ մարդիկ են. բացառությամբ Արամ Զավենի Սարգսյանի՝ ոչ մեկ իշխանության մեջ չի եղել։ Սասուն Միքայելյանը, իհարկե, եղել է, սակայն նրա դերակատարությունը դժվար է գնահատել քաղաքական հարթակում, քանի որ այդ մարդն ի վերջո էությամբ զինվորական է։
Ինչո՞ւ ենք սա արձանագրում. քանի որ «ԵԼՔ»-ի նախորդ ՀԱԿ-ում, օրինակ, թեկուզ իրենց քաղաքական փորձառությամբ գոնե կարողանում էին դիմագրավել հզոր պետական ապարատին ու ՀՀԿ մեծամասնությանը հռետորաբանության ոլորտում։ Հռետորաբանությունը, մեծ հաշվով, Հայաստանում քաղաքական կապիտկա ոչ մի կերպ չես հաշվի, որովհետև դա առարկայական արդյունքների ապահովման հարցում ոչ մի օգուտ չի տալիս, ու հանրությունը վաղուց սկեպտիկ վերաբերմունք ունի նման երևույթի նկատմամբ։ Մնում է գործը։ Ինչ կարող է անել «ԵԼՔ»-ը։
Շատ բան, իհարկե, դժվար է հաջողել 9 պատգամավորով, դրան գումարած՝ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ 10-ից դառնալով 9։ Այդ մեկ հանձնաժողովը տեսականորեն լինելու էր ընդդիմության վերահսկողության տակ, սակայն դա էլ չկա։ Երեկ էլ պարզ զգացվեց, որ ՀՀԿ-ն մտադիր չէ կամակորություններ հանդուրժել ու շատ արագ հասկացրեց, որ նազուտուզ չի հանդուրժի։ ՀՀԿ-ի կազմն էլ բավականին փոխվել է, ու հռետորաբանության մասով մի քանի նորեկներ (Արման Սաղաթելյան, Գևորգ Կոստանյան)՝ գումարած հին գվարդիան (Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան), պատրաստ են յուրաքանչյուր պահի օգնության հասնել յուրայիններին։ Անշուշտ, սա չի նշանակում, որ հաշվում ենք, թե ով ավելի ճոռոմ բառեր կասի ու կսաստի դիմացինին, սակայն այս դիսկուրսը իր մեջ որոշակիորեն պոպուլիզմի չափաբաժին է պարունակում, ու պարզ է, որ ՀՀԿ-ն պարտքի տակ չի մնալու այս հարցում։ Պոպուլիզմը սովորաբար ընդդիմության մենաշնորհն է։