Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի կողմից արտահայտված մտքերն ու օգտագործված ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձևը միանգամայն երկիմաստ է հնչում: Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում, ու եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է, և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել: Այսինքն՝ սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: