Այսօր իր ծննդյան օրն է նշում բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին:

Նրա ծնունդը հետաքրքիր պատմություն ունի: Դերասանուհու ծնողները որոշում են, որ եթե Կիրայի մայրը` Շերմանը, կարողանա վաճառել իր առաջին երգը, ապա ընտանիքում կծնվի ևս մեկ երեխա: Կինոաշխարհն այսօր շնորհակալ է Մաքդոնալդին, ում հետաքրքրում է Շերմանի երգը:

Կիրա Նայթլին վաղ տարիքից արդեն ինքնուրույն էր: Երեք տարեկան հասակում նա խնդրում է ծնողներին իր համար գտնել գործակալ, փոխարենը նա խոստանում է լինել լսող և լավ սովորող: Կիրան իր խոստումը կատարում է և վեց տարեկանում գործակալ ունենում:

Առաջին մեծ նախագիծը, որում նա ընդգրկվում է, լինում է «Աստղային պատերազմներ» ֆիլմը: Այնտեղ Նատալի Պորտմանը մարմնավորում էր թագուհուն, Կիրան` նրա կրկնօրինակի դերը: Երիտասարդ դերասանուհու այս աշխատանքն աննկատ է մնում, քանի որ ապշեցնող նմանության պատճառով շատերը կարծում են, որ երկու դերն էլ Պորտմանի մասնակցությամբ է:

Նրա հայտնությունը տեղի է ունենում 2002 թ.-ին, «Խաղա ինչպես Բեկհեմը» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղում է գլխավոր դեր: Այդ հաջողությանը հաջորդում են բազմաթիվ առաջարկներ: Կիրան թողնում է ուսումը և արդեն հաջորդ տարի «Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմում» մարմնավորում է Էլիզաբեթ Սթոունին, ինչը նրան բերում է համաշխարհային ճանաչում:

Կիրա Նայթլիին 2013-ը խոստանում է լինել շատ հագեցած. նա նշանադրված է երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ: Բացի այդ այս տարի էկրաններ կբարձրանա նրա մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմ: Իսկ ներկայում դերասանուհին պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին, նա պատիվ ունի մարմնավորելու Կոկո Շանելին:




