Սերժ Սարգսյանի մեծ աղմուկ հանած հայտարարությունն առ այն, որ ՀՀԿ խմբակցությունում օլիգարխներ չկան, իրականում ճշմարտություն է։ Թե՛ ՀՀԿ, թե՛ այլ խմբակցությունների հարուստ պատգամավորները ոչ թե օլիգարխ են, այլ ուղղակի իշխանության բարությամբ հարստացած մարդիկ։ Իսկական օլիգարխների ապրած կյանքը՝ դրան ապացույց։ Համեմատենք ամենահայտնի ռուսաստանցի օլիգարխներին մի քանի հայ «օլիգարխների» հետ.
90-ականների կեսերին Ռուսաստանում ձևավորվեց այսպես կոչված «Սեմիբանկիրշինա». նախագահը, Դուման ու պետական այլ կառույցները վերածվեցին անգլիական թագուհու, երկիրը ղեկավարում էին 7 գործածար–բանկիրներ, ովքեր տնօրինում էին ռուսական տնտեսության մոտ 50 տոկոսը։ Նրանց թվում էին Բերեզովսկին, Խոդորկովսկին, Գուսինսկին, մի շարք այլ գործարարներ, որոնք «գահակալեցին» Վլադիմիր Պուտինին այն հույսով, որ նա լինելու է հերթական դրածո։ Երբ հայտնի դարձավ, որ հերթական թագուհու տեղ նրանք բերել են առաջնորդի հատկություններով մարդու, փորձեցին տապալել նրան։ Պուտինը տարբեր մեթոդներով զրոյացրեց դրանց ազդեցությունը՝ Բերեզովսկին ու Գուսինսկին ստիպված հեռացան երկրից, Խոդորկովսկին կալանավորված է 2003 թ.–ից։ Ռուսաստանյան այլ օլիգարխները հասկացան խաղի նոր կանոններն ու սուս–փուս ծառայում են երկրի նոր տիրոջը՝ դադարելով իշխանության որոշիչ ուժ լինել։
Հիմա՝ Հայաստան. Սամվել Ալեքսանյան. էլիտայի լուռ համաձայնությամբ վայելում է մի շարք ապրանքատեսակների միանձնյա ներմուծող լինելու հաճույքը ու կդադարի այն վայելել ճիշտ այն պահին, երբ գտնվի ավելի հարմար թեկնածու։ Գագիկ Ծառուկյան. մի քանի ամիս նախագահի թեկնածուի առաջադրվել–չառաջադրվելու հարցով խաղաց երկրի նյարդերի հետ, այնուհետև նրա առջև դրեցին կա՛մ կոմպրոմատի թղթապանակ, կա՛մ բիզնես առաջարկներ, ու նա հրաժարվեց առաջադրումից։ Ցանկը շարունակելի է, բոլոր այդ մարդիկ խոշոր գործարարներ են և փող պահողներ։ Այնինչ «օլիգարխ» հասկացությունը ենթադրում է բիզնես և քաղաքական կայսրություն, որը ոչ այդքան հարստության, որքան իշխանության խորհրդանիշ է։ Բերեզովսկուն, Խոդորկովսկուն սաստելու համար պետք եղավ նրանց աքսորել ու բանտարկել, ինչից հետո փոխվեց Ռուսաստան պետության բնույթը որպես այդպիսին։ Իսկ ի՞նչ կփոխվի Հայաստանում, եթե վաղը շաքար ներմուծող ու գազալցակայան կառուցող նշանակվի Նիկոլայ Թորոսյանը։ Անուններից բացի ոչինչ։ Թերևս միակ օլիգարխն ինքնուրույնության ձգտելու, ինքնուրույն քայլեր անելու իմաստով եղել է Խաչատուր Սուքիասյանն, ով Տեր–Պետրոսյանի հետ մեկտեղ փորձեց իշխանության գալ 2008-ին, սակայն նրանց ռեսուրսները չհերիքեցին, ու գործարարի կայսրությունը ջախջախվեց։
Այսպիսով, մենք կարող ենք զզվանք ապրել տեղի, այսպես կոչեցյալ «օլիգարխների» նկատմամբ, չսիրենք նրանց, բայց պետք է հասկանանք, որ, խոշոր հաշվով, նրանք փող պահող են ու վերջ։ Կարող են փոխվել նրանց անուները, հղփացածության աստիճանը և այլն, այնինչ երկրում հնարավոր խորքային փոփոխությունները ավելի բարձր դիրքերում կանգնած մարդկանցից են կախված՝ նրանցից, ովքեր որոշում են «փող պահողների» անուններն ու տնտեսության մեջ ունեցած մասնաբաժինն են որոշում։