Րաֆֆու մոտ այսօր հացադուլն զգացնել էր տալիս: Ձայնը մի քիչ էն չէր, քեֆը տեղը չէր:
Կարինն էլ էր անհանգիստ: Սովորաբար, Կարինը չի կորցնում ինքնատիրապետումը, սյուրռեալիստական թեթեւությամբ` հա՛մ ներկա է, հա՛մ բացակա. նրան նայելիս հասկանում ես` գիտի քայլերի հաջորդականությունը: Այսօր ներքին տագնապով սպասում էր՝ ասուլիսը շուտ պրծնի:
Հիշենք՝ Րաֆֆին բացառապես լսում է Կարինին, որն էլ իրականացնում է ամբողջական մոդերացիան:
Մինչեւ ապրիլի ինը դեռ շատ կա, նրանց ուժերն ու նյարդերը կհերիքե՞ն այս տեմպին, փոքր-ինչ դժվար է ասել:
Րաֆֆին ճար չունի. նա դուրս չի գալու Ազատության հրապարակից, որովհետեւ դուրս գալը կշանակի, որ ընդդիմության լիդերի այդքան դժվար ստատուսը կորսվում է: Սերժին է հրավիրել Ազատության հրապարակ:
Դժվար է կարծել, որ Սերժ Սարգսյանը կգա այնտեղ, այդ մասին կարծիք է հայտնել անգամ Գալուստ Սահակյանը: Համ էլ` Սերժին Րաֆֆին պետք է առանց հացադուլ` թրաշված ու կերած, կներեք` կազդուրված:
Րաֆֆու այսօրվա ասուլիսի ամենահետաքրքիր պահը, սակայն, ապրիլի իննի այլընտրանքային ինագուրացիայի «մոմենտն» էր:
Անչափ ուղղակի հնչած հարցին նա չտվեց ուղղակի պատասխան, մանեւրեց ու ասաց` դա լինելու է նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը:
Հասկանալի է.
ա.Րաֆֆին լիարժեք պատրաստ չէ դրան եւ կամ` չի ցանկանում դա անել, որովհետեւ որքան էլ հետաքրքիր, մի քիչ անսովոր, էլ չասենք` աբսուրդ, եթե` անկեղծ, ապա ծիծաղելի է լինելու, որ նա հրապարակում, չթրաշված, ձեռը դնում է Աստվածաշնչին ու ինքնորեն բարձրաձայն երդվում:
Սա, ի դեպ, ոչ այնքան իր, որքան «անհնազանդեցների» իդեա-ֆիքսն է` Աշոտ Մանուչարյան, Անդրիաս Ղուկասյան, Մանվել Սարգսյան եւ իհարկե` Սիվիլնեթ, որպեսզի պայքարը հասնի մինչեւ քաղաքապետի ընտրություններ, Սերժի ապրիլի ինը հարամելուն զուգընթաց` մարշ-բրոսոկը այն փոխանվի պարոն Օսկանյանին: Հասկանալի է, իրականում` ում: Որովհետեւ սա Քոչարյանի վերջին` ամենավերջին մարտն է: Հակառակը նշանակում է` 2018-ին ինքը չկա:
Րաֆֆիենք սա հասկանում են:
բ.Հասկանում են, որ Րաֆֆու այլընտրանքային երդմնակալությունը ոչ այնքան իմպրովիզացիա է դառնալու, քննարկվի, ձեռ առնվի իշխանական, որքան նույն` մերձ-ԲՀԿ-ական, մերձ-ՀԱԿ-ական շրջանակների, լրատվամիջոցների կողմից, ու ահավոր` դաժան ձեւով:
գ.Հասկանալի է, որ այդ երդմնակալության ժամանակ «շահագրգիռները» պատրաստվում են ու կարող են մի թեթեւ մեկի քթից արյուն հոսեցնել, ինչին, ասել ենք, ինչն էլ կվնասի ոչ միայն Սերժին, այլեւ` Րաֆֆուն, ու որպես հանդուժողականության կենդանի մարմնացում, որպես արյուն բացառող տեսակ:
Ուստի թե՛ օբյեկտիվ մտահոգությունների, թե՛ հացադուլի, թե՛ ... եղանակի պատճառով այսօր մեր Րաֆֆին քիչ մը տկար էր:
Առողջություն Րաֆֆուն:
Գարուն, շուտ արի:



