Յուրաքանչյուր ծրագրային ու գաղափարական պայքար բացի այն, որ տալիս է իր ցանկալի պտուղները, նաև ԶԱՐԳԱՑՈՒՄ է ապահովում, ինչը շատ կարևոր է: Քաղաքական դաշտում այսօր կարևոր իրադարձություններից են Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ, որից մեկը՝ դաշինք: Բնականաբար, հասկանալի է, որ այս 6 քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն նաև Երևան քաղաքի զարգացման ծրագրեր, որի իրականացման պայմաններում կունենանք մեր երազանքների քաղաքը: Անկասկած ծրագրեր կներկայացվեն, սակայն այդ ծրագրերը ու ծրագրային պայքար ծավալելը, մեղմ ասած, կասկածների առիթ են տալիս՝ դիտելով այսօրվա զարգացումները:
Անընդհատ խոսվում է` «իշխանությունը չի զիջի Երևանը ոչ մի ուժի», «ԲՀԿ-ն առավել ներգրավված ու լուրջ է նախապատրաստվում այս ընտրություններին, քան խորհրդարանականի ժամանակ էր», Երևանի ավագանու ընտրությունները համեմատվում է «Բաստիլի գրավման» ու չգիտես էլ ինչ պատմական փաստերի հետ: Հարգելիներս, այսօր քաղաքացին հոգնել է այս մանր ինտրիգներից, ցանկություն ունի լսելու առավել կառուցողական ու իրատեսական ծրագրերի մասին, որ զերծ կլինեն ամեն տեսակ էմոցիաներից:
Հ.Գ. Ծրագիրը պետք է լինի այնքան խոսուն, այնքան մրցակցային, որ քաղաքական ուժերը միայն ներկայացնեն այն: Իսկ ամեն ներկայացում ու համեմատություն պարունակում է արդեն ծրագրային պայքարի էլեմենտ:



