Երկիրծիրանականները որոշել են դիմել ԿԸՀ՝ ընտրությունները չեղարկելու ու ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Մինչ բուն ասելիքին անցնելը հիշեցնենք մեկ դեպք, երբ ԱԺ ընտրությունները Սահմանադրական դատարանում բողոքարկում էր նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, և ինչպես սպասվում էր, Սահմանդրական դատարանը մերժեց այն։ Մերժեց ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունները օրինական էին ու անցել էին հիմնականում հանդարտ ու օրինական ճանապարհով, այլ պարզապես Կոնգրեսի բերած փաստերը համոզիչ չէին եղել։
Հիմա դառնանք ծիրանականներին։ Բնականաբար, իրենք էլ գիտեն, որ ԿԸՀ-ն՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, մերժելու է դիմումն ու չի բավարարելու հայցը։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դիմում այդ մարմնին։ Եթե զուտ պրոտոկալային արարողակարգն է պատճառը, ապա ԿԸՀ աշխատակիցները չեն ալարի, իհարկե, նորից կհավաքվեն ու կմերժեն դիմումը։ Որևէ բարդություն դա իրենից չի ներկայացնում։ Սակայն Զարուհի Փոստանջյանը, ով շատ հաճախ համարվում է «Սասնա ծռեր» զինված խմբի քաղաքական խոսափողը, սրանով ոնց որ թե իր հետագա քաղաքական քայլերի համար փորձում է «լեգիտիմություն ստանալ»։ Հիմա կարող է հարց առաջանալ, թե լավ, եթե ոչ մի հնարավորություն չկա իշխանությանը հաղթելու, ապա մնացած գործողությունները մի՞թե արդարացված չեն։ Միանշանակ ոչ, որովհետև նախ պիտի հարցնել, իսկ Զարուհին ու իր կուսակիցներն արե՞լ են ամեն հնարավորը ընտրություններում ընտրական գործընթացը վերահսկելու համար, ունեցե՞լ են բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք, որոնք ունակ կլինեին վերահսկելու ընտրությունները, թե՞ ոչ։ Այս հարցի պատախանը նույնպես միանշանակ է՝ ոչ։ Դրա մասին բարձրայնել է, օրինակ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, որ հենց ԵԼՔ-ն է պահել մյուս ընդդիմադիր գործընկերոջ ձայները ընտրատեղամասերում։ Ու դա ճիշտ է։ Այսինքն՝ նորից գալիս ենք ու հին, կոտրած տաշտակի առաջ կանգնում, երբ ընդդիմությունն, իր պարտականությունները դեռ չկատարած, մեղքը բարդում է իշխանության վրա ու հերթական ղալմաղալի բարձրացման համար հող նախապատրաստում։ Մնում է միայն զարմանալ իշխանության անգործության վրա, որովհետև քթների տակ տեռորի մի նոր ակտ է նախապատրաստվում։