Ո՞վ է ասել որ սոցցանցերն անհոգի են:
Հիմարություն:
Սոցցանցերը կենդանի էակի նման շնչում են, համբուրում, շոյում, հուզվում, հուզում, շառագունում, սիրում, ատում…հակառակ դեպքում չէի զգա նրա ափերի ջերմությունը կրծքերիս վրա, մարմինս չէր ձգվի լարախաղացի ոտքերի տակ ճոճվող լարի նման, ոսկորներս չէին ճռնչա տատիկի պահարանի բացվող դռան նման:
Հակառակ դեպքում չէին քարանա պտուկներս նրա՝ սոցցանց մտնելու պահին:
Հակառակ դեպքում չէի ցանկանա տրվել նրան հենց այն պահին, երբ էկրանին վառվում է սոցցանց մտնելու մասին տեղյակ պահող կանաչ, բաղձալի լույսի կոճակը:
Այդ խելահեղություններից մեկի անունը Facebook է:
Իսկ նրա անունը՝ Հայկ (համենայն դեպս այդ անունով է գրանցված):
Չեմ ճանաչում նրան, ձեռքը երբեք չեմ բռնել, ափերով չեմ շոյել նրա այտերը, չեմ շնչել նրա օծանելիքի բույրը, որն ինձ թվում է, թե ունենալու է յասամանի բույր, բայց այնքան հարազատ եմ զգում նրան, որ անճարությունից կծում եմ ներքևի շուրթս ու զգում արյան համը:
Սոցցանցը՝ սոցցանց, բայց ցանկանում եմ, որ լինի կողքիս, նայի ինձ իր զմրուխտի գույն ունեցող աչքերով ու հագենա ինձնով:
Նրա ներկայությունն ինձ մոտ կառաջացնի թեթև, հաճելի դող, խոր հոգոց, երբ կարողանամ արտասանել անունը – Հայկ:
Հայկ…
Ո՞ւր ես, ինչո՞ւ չի վառվում քո ցանցում լինելու կանաչ լույսը:
Դու չգիտե՞ս, որ անհամբեր սպասում են քեզ…
Հայկ…
Չեմ վառի սենյակի լույսը, միգուցե բաց թողնեմ քո՝ սոցցանց մտնելու պահը:
Պահ, որին պաշտում եմ արդեն քսանմեկ օր:
Տխուր է առանց քեզ, տխուր:
Իմ տխրությունը չափվում է կիլոմետրերով:
Ուղիղ հարյուր տասնհինգ կլիոմետր…
Գժվել կարելի է:
Քսանմեկ օր անընդհատ, հարյուր տասնհիգ կլիոմետր հեռավորության վրա ես քեզ հետ շփվել եմ մերկ հոգով ու մերկ լեզվով՝ քեզ նվիրելով ամենանվիրական բառերս ու մտքերս:
Ես պատրաստ եմ նորից քեզ հետ խոսելու, կիսվելու, շոյելու, համբուրելու, իսկ դու չկաս…ատում եմ քեզ, զզվում…
Ատում եմ այս հիմար ժամացույցի սլաքները, որոնք կարծես արդեն հոգնել են ու չեն կարողանում առաջ շարժել:
Հիշում եմ քո կողմից կատակով գրված ֆեյսբուքյան լեգենդը:
« …եթե ամսվա քսանմեկերորդ օրը, գիշերվա ուղիղ ժամը տասներկուսին հանդիպես ինչ-որ մեկին, ուրեմն հենց նա էլ կլինի քո իսկական սերը, որը չունի արգելքներ, չունի սահմաններ, անկեղծ ու լուսավոր…ինչպես մանկան հոգին…»:

Կյանքում այդքան հեռու ես ինձնից, իսկ այստեղ ընդամենը մեկ համբույրի հեռավորության վրա ու չեմ կարողանում լսել, տեսնել «ձայնդ»:
Լսել, «կարդալ» քո շուրթերից այդքան սպասված երկու բառը. «Բարև, սիրելիս…»:
Այսքան տենչագին ու հուզված եղել եմ կյանքում մեկ անգամ, երբ ամուսնուս հետ ԶԱԳՍ-ից դուրս եկա ու աստիճանների վրա տեսա բազմաթիվ հյուրերի:
Այն ժամանակ մտածեցի. «Աստված իմ, երբ այսքան մարդիկ կվերջացնեն իրենց խնջույքն ու մեզ մենակ կթողնեն մեր ամուսնական անկողնում, մի՞թե կարելի է այդքան համբերել…»:
Հիմա իմ մեկ այլ ամուսնական անկողինը համակարգչի էկրանն է, որի առաջ մենակ եմ ու անզոր…
Հայկ…
Պատահականությո՞ւն է, նախախնամությո՞ւն, թե՞….որ ամուսնուս անունն էլ է Հայկ:
Բայց հնչում է այլ կերպ՝ կողքի սենյակից խռմփացնող ձայնին համահունչ…
Ֆեյսբուքը սիրտ չունի՞, որ չի զգում իմ անվերջանալի հառաչանքները:
Ունի…դա կայքի գլխավոր սերվերն է, որ իմ անվերջ refresh-ներից բազմաթիվ վերքերով քաշվել է մի կողմ ու վախեցած աչքերով սպասում է ստեղնաշարի F5 կոճակի հերթական հարվածին:

* * *
Ներս մտավ Հայկը՝ կիսաքնած աչքերով, կիսավարտիքով:
Գիշերվա ուղիղ տասներկուսն էր:
Աննան ոտքից գլուխ նայեց գնահատողի հայացքով ու անջատեց համակարգիչը:
Զգաց, թե ինչպես աչքից արցունքի մի կաթիլ ուզում է, բայց չի կարողանում պոկվել:
- Չե՞ս վերջացնում, առավոտյան աշխատանքի չե՞ս: Աչքերդ կփչացնես, գնանք քնելու:
Ինչո՞ւ ես զարմացած նայում, կիսահագնված չե՞ս տեսել ինձ,- ծիծաղեց:
- Գուլպայով ես քնել, ինչո՞ւ ես առանց հողաթափերի, մեռա կարկատելով գուլպաներդ:
- Ո՞ւր է, - նայեց ոտքերին: Մի գուլպան հագին էր քնել:

«… Վերադառնալ ռեալ կյանք: Տհաճ է, չեմ ցանկանում, ցավոտ է ու տխուր…
Ռացիոնալ վերաբերվել պահին – ժամանակ չկա:
Ի՞նչ անել:
Դե այս Հայկն էլ իր ամուսինն է, ու ոչինչ չես փոխի արդեն:
Ունեն ընդհանուր կենցաղ, ընդհանուր գործ…
Ծանր տարիներին եղել են կողք կողքի, կիսել ամեն, ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, բայց ամեն բան սահման ունի:
Իսկ մեղավո՞ր է նա, չգիտեմ, չեմ հասկանում, ի՞նչ անեմ…»:

Կռացավ, ննջարանի դռան մոտից բարձրացրեց կորած գուլպան, երկար նայեց բութ մատի կողմից ծակված գուլպային:
Հանգցրեց լուսամփոփն ու փորձ արեց վրայից հանելու խալաթը, երբ կիսամութի մեջ տեսավ Հայկի հետաքրքրասեր աչքերը:
- Ի՞նչ ես աչքերդ չռել:
- Այ քեզ նորություն,- Հայկը նեղացած շուռ եկավ դեպի պատը:
Կիսամերկ պառկեց ամուսնու կողքը՝ վերմակը քաշելով իր կողմը:
Փակեց աչքերը:
Տեսավ մյուս Հայկի հայացքը, որ ժպտում էր, ինչպես որ համակարգչի նկարում էր:
Հիշեց, թե ինչպես էր համակարգչով տրվում նրան, սեր, պահանջ, սիրախաղ,… սարսռաց:
Բացեց աչքերը:
Պատկերն անհետացավ ու աչքի առաջ ուրվագծվեցին ներկա Հայկի կիսաբաց ուսերը:
- Հայկ, - ձայնն արբեցնող էր ու անսպասելի քնքուշ, կարոտով, հույսով լի:
- Լա՞ց ես լինում, - հոգատար ու կիսաքուն ձայնը սթափեցրեց:
- Ոչ, չգիտեմ ինչու տխրեցի, գուցե դո՞ւ կիմանաս:
- Քնիր, հոգնած ես, առավոտյան պարզ կլինի:
Խոսակցությունը չէր ստացվում:
Միգուցե արդեն այրվել են դեպի սիրտ տանող բոլոր ճանապարհներն, ու էլ ոչինչ չի մնում, քան այսպես լքված պառկելն ու արտասվելը:
Նորից փակեց աչքերն ու տեսավ մառախլապատ մի պատկեր, կարծես ինչ-որ մեկը վերցրել ու դիտմամբ խառնել էր սեքսը, զգացմունքները, սուտը, վիրտուալ դավաճանությունն ու վիրտուալ սերը:
Հիմա այդ խառնուրդը մանկական կերի սրվակի մեջ լցված դանդաղ մոտենում է իր շուրթերին ու փորձ է անում լցվել իր մեջ ասելով.
«Սա՞ էիր ուզում, դե խմիր, հագեցիր, նվաստացրու ամուսնուդ համակարգչի առաջ ու միգուցե լինես երջանիկ, բայց մի մոռացիր, որ երջանկությունն էլ կարող է վիրտուալ լինել, դե խմիր, ինչի՞ ես սպասում, ո՞ւմ ես սպասում…խմիր…»
Բղավեց:
Հայկը նստեց անկողնու մեջ:
- Քեզ ի՞նչ եղավ, Ան ջան, ինչ-որ տեղդ ցավո՞ւմ է, ասա:
- Ոչ, համբուրիր ինձ,- փաթաթվեց ամուսնուն ու գլուխը հենած ուսին՝ սկսեց արտասվել:
- Ներիր ինձ, ներիր…
- Քեզ ի՞նչ եղավ, չես էլ քնել, որ ասեմ երազում ես ինչ-որ բան տեսել, ի՞նչ է եղել:
- Համբուրիր, ձայն մի հանիր, խնդրում եմ:
Զգաց, թե ինչպես են կամաց-կամաց կարմրում այտերը, ամոթի՞ց, հիշողությունի՞ց, թե՞…
Ուղեղում պտտվում էին այն մյուս Հայկի կողմից ուղարկված վիրտուալ համբույրները, որոնց նա դեռ երեկ զգուշորեն տեղավորում էի կրծքերի, փորի, ազդրերի, մեջքի, սրունքների վրա ու մանկան պես հրճվում, որ սիրված է, սիրում է, գժվում է, կարող է նույնիսկ մեռնել մեկի համար, որը գոյություն չուներ իրական կյանքում:
Չունե՞ր…
Ուներ գոյություն ու համակարգչային համաճարակի պես մտել էր իր մեջ ու ավերել ամեն ինչ, ամեն ինչ, ընդհուպ մինչև դեպի կողակիցը գնալու այն մի քանի սանտիմետր հեռավորությունը, որը տարիներով չէր քանդվել՝ ճաշակելով դառնության բոլոր էտապները:
- Համբուրիր, էլի, էլի, ավելի թաց, ավելի տաք, դու ինչ է, չգիտե՞ս, թե ինչպես պետք է համբուրել կնոջը:
Հայկը գլուխը թաղած կրծքերի մեջ համբուրում էր ու չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում Աննայի հետ:
- Սիրելիս, եկա՞ր, ինչքան եմ սպասել, ընթրե՞լ ես, ո՞չ, այդ ժամանակ կարող ես ինձ որպես ընթրիք…
Չհասկացավ, թե ինչպես շշնջաց այդ բառերն ու երեխայի նման կարմրեց:
- Դու ի՞նչ է, ցնդե՞լ ես, հիվա՞նդ ես, ես որտեղի՞ց պետք է գայի, ի՞նչ ընթրիք…
- Ես երջանիկ եմ, դու կաս, չես լքել, ինչպես կյանքում է լինում, տես թե ինչպես են պտուկներս քեզ կանչում, լաց են լինում, չե՞ս տեսնում, ես կարող եմ քեզ երջանկացնել, կարող եմ, հավատա, գրկիր ավելի ամուր, Հայկ, ի՞նչ գեղեցիկ անուն է, քանի, քանի անգամ եմ ասել, ի՞նչ է, չե՞ս հավատում…
- Աննա, ուշքի արի, ի՞նչ եղավ, ես վախենում եմ, քեզ երբեք իմ անունը դուր չի եկել, ջուր տա՞մ, ուզո՞ւմ ես:
Հայկը թեքվեց, կողքի պահարանիկի վրայից վերցրեց բաժակը…
- Հիմար, ապուշ, բաժակը վերցնելու փոխարեն ինձ վերցրու, մի՞թե չես հասկանում:
Տղամարդու փորի վրա նստած սկսեց ձեռքերով ապտակել:
Հայկը փակել էր դեմքը ու գլուխը շուռումուռ էր տալիս հարվածներից՝ չհասկանալով, թե ինչ եղավ:

* * *
Հանգստացավ:
Հայկը մեջքով շուռ էր եկել ու անկողնում պառկած ծխում էր:
Աննան վեր կացավ տեղից, առանց հագնվելու դուրս եկավ ննջարանից ու գնաց դեպի համակարգիչը:
Միացրեց, Ֆեյսբուքի ընկերների մեջ գտավ Հայկին, մտածեց մի պահ ու ջնջեց ընկերների ցուցակից:
Սրտի և հոգու վերքերն այնքան խորն էին, որ շարունակել չէր ցանկանում ոչ մի գնով:
Նորից սիրել թեկուզ վիրտուալ, ուժերը չէին բավականացնի:
Այն լույսը, որ կարողացավ իր վիրտուալ ընկերը վառել հոգում, դեռ երկար ժամանակ կվառվի:
Այդ լույսը ոչ միայն կլուսավորի հոգին, այլ նաև կայրի երկար ժամանակ:
Սոցցանցի այս վերջին արկածը իրեն շատ մոտեցրեց իրական Հայկին՝ ամուսնուն, որին չէր կարող փոխել աշխարհում ոչ մեկի հետ:
Հասկացավ, որ հարյուրավոր կիլոմետրեր հեռու մարդուն սիրելն ավելի հեշտ է, քան ընդամենը մեկ համբույրի հեռավորության վրա գտնվող մարդուն, որը նույնիսկ կենակցելու պահին մտածում է, թե ինչ պետք է անի վաղն իր սիրած էակին գոհացնելու համար:

Մոտեցավ Հայկին:
Վառեց փոքրիկ լուսամփոփը:
- Անկողնում մի ծխիր…խնդրում եմ:
Նստեց անկողնու վրա, չգիտես ինչու վերցրեց ու սկսեց եղունգներին լաք քսել:
Հայկը զարմացած, չռված աչքերով նայում էր ու ոչինչ չէր հասկանում:
Հետո նայելով փոքրիկ հայելու մեջ՝ սկսեց սանրվել:
«Վաղը հարկավոր է համոզել ու տանել բժշկի»: Հայկը նայեց Աննայի աչքերին ու երևի այսքան տարիների ընթացքում առաջին անգամ հասկացավ, որ կնոջ գեղեցկությունը սանրվածքի, շրջազգեստի, հարդարված մատների և այլնի մեջ չէ, կնոջ գեղեցկությունը աչքերի մեջ է, աչքերի, որոնք դեպի սիրտ տանող դռների բանալին են, իսկ այդ դռների ետևում ապրում է Սերը…

Աննան բարձրացրեց վերմակն ու մտավ անկողին:
Հիմա նա լիովին ցանկանում էր տրվել այս Հայկին:
Վիրտուալ Հայկից ստացված վիրտուալ վարդերը առաջացրել էին ցանկալի լինելու զգացողություն:
Համակարգչային օտարականը կմնա իր հիշողությունում որպես մի քաղցր երազ:
Նրան երբեք չի մոռանա, երբեք:
Հոգեկան երջանկության կարելի է հասնել, եթե շատ-շատ աշխատես դրա վրա:
Եթե վստահ լինես, որ իզուր չես ապրել այսքան տարի…

Լուռ ու կրքոտ նա զգում էր Իր Հայկի՝ իր մեջ ռիթմիկ թափանցելն ու ավելի ամուր փաթաթվում իր իրական, սովորական երջանկությանը…
Նա հիմա էր հասկանում, որ կարողանում է տալ դիմացինին այն իրական զգացմունքները, որ կարող էր այդքան հեշտությամբ տալ մի համակարգչային օտարականի:
Նա հիմա էր հասկանում, որ կարող է մեծ ուրախությամբ, համբերատար ընդունել Իր Հայկից սերն ու ցավը, տառապանքն ու բավականությունը…
Նա հիմա էր հասկանում, որ պետք է համբերությամբ սպասել այն պահին, որ իր և նրա սիրտը բաբախեն համահունչ…
Բայց մինչ սրտային ռեզոնանսների գլուխ բարձրացնելը մի պահ զգաց մի տանջալից, սառը ցավ, երբ հիշեց, թե ինչպես էր համակարգչով ման գալիս մի խաղալիքի, որ կարողանար տաքացնել հոգին ու սիրտը:
Ֆեյսբուքյան երազը տեղի էր տալիս ու արթնանում էր այն խաղաղ ամառային երեկոն, երբ քեզ թույլ ես տալիս մի ավելորդ անգամ հիշելու անիրական երջանկության րոպեներն ու նորից ջնջվում է ամեն ինչ:

- Համբուրիր ինձ, Հայկ, ամուր, ամուր, ճանկռիր մեջքս, ինչպես կկարողանաս, սիրիր ինձ, ինչպես ես եմ քեզ սիրելու ընդմիշտ, սիրելիս:
Ինչ լավ անուն ունես, Հայկ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել