Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Ամեն տարի գյուղացիները մեծ վնասներ են կրում հատկապես կարկուտի տեղումների հետևանքով: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս:
Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը:
Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Արագածոտնի և Լոռու մարզերում ծրագրի իրականացման համար: Ծրագրի կյանքի կոչումը իրական նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման, եկամուտների ավելացման և գյուղում աղքատության հաղթահարման համար: