Ուզում եմ անդրադառնալ վերջերս նորաձև դարձած մի երևույթի: Խոսքս վերաբերում է եկեղեցիներում կատարվող հոգեհանգստյան արարողություններին, մասնավորապես մեծ մասամբ Կոնդի Սբ. Հովհաննես ու Նորագավիթի եկեղեցիներում են դրանք կազմակերպվում: Երևույթը թերևս համապատասխանում է մեր եկեղեցու արարողակարգային ու ծիսական կանոններին, բայց ցավոք առկա է հարցի մյուս` արդեն քննադատելի կողմը: Խոսքն այդ ծառայությունների դիմաց գանձվող պատկառելի վճարի մասին է, որը մեր հանրության զգալի մեծամասնության համար ուղղակի անհասանելի է:
Կարծում եմ՝ կա՛մ այս պրակտիկան կտրականապես պետք է վերացնել (բացառությամբ այն դեպքերի, երբ հուղարկավորվում են հանրահայտ դեմքեր), կա՛մ մատչելի պայմաններ պետք է ստեղծվեն «հոգևոր հոտի» բոլոր հավատացյալների համար անխտիր, ասենք օրինակ գերեզմանատներին կից համապատասխան մատուռներ կառուցելով, նմանատիպ` անվճար կամ թեկուզ մատչելի վճարով ծառայություններ մատուցելու նպատակով:
Ախր փողն ու եկեղեցին ոչ մի կերպ մի տեսակ համատեղելի չեն (հիշենք Աստվածաշնչից մի դրվագ, երբ Քրիստոսը Երուսաղեմի տաճարում զայրացած շուռ է տալիս առևտրականների վաճառասեղանները` դատապարտելով այդ տարածքում նրանց պախարակելի գործունեությունը), չնայած դարերով եկած արատավոր պրակտիկային (տասանորդներ և այլն), և փողի դերակատարումը եկեղեցական գործերում պետք է հասցնել ամենահնարավոր նվազագույնին:
Ինչ վերաբերում է հուղարկավորությունների կազմակերպմանը, ապա դա իմ կարծիքով այն ոլորտն է, ուր եկեղեցական որոշումներով ու օրենսդրական համապատասխան ակտերով պետք է հաստատվեն առավելագույն հավասար պայմաններ բոլորի համար. ասենք օրինակ գերեզմանատեղերի, շիրմաքարերի ձևի ստանդարտացումը և այլն, այնինչ... ԱԺ-ն շուտով կքննարկի նաև վճարովի հիմունքներով ծառայություններ մատուցող մասնավոր գերեզմանատների ստեղծման մասին օրենքի նախագիծը...



