Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակը հարաբերական կայուն էPanARMENIAN.Net-ը գրում է.

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մայիսի լույս 13-ի գիշերը նրա վիճակը մի փոքր վատացել էր, PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

Մայիսի 10-ից տղայի վիճակում որոշակի կայունացման միտումներ կան:

«Գիշերը մի փոքր վատացում կար, կարողացանք կայունացնել վիճակը, այժմ հարաբերական կայուն է: Փոքրիկի համար արվում է անհրաժեշտ ամեն ինչը», - ասաց բժիշկը:

ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը տեղեկացրեց, որ երկու աղջկա վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով:

«Երկու երեխաներն էլ նորմալ վիճակում են: Կրծքի կաթ են շարունակում ստանալ. 13-15 միլիգրամ՝ 3 ժամը մեկ, օրը 8 անգամ: Իսկ տղայի վիճակը մտահոգիչ է», - ասաց նեոնատոլոգը:

Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել