Երևանի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ կարող ենք ամփոփել հիմնական քարոզարշավը։ Եվ այսպես՝ ինչպես և սպասվում էր, քարոզարշավը, ի տարբերություն ԱԺ ընտրությունների, անցավ բավականին իներտ պայմաններում՝ բացառությամբ վերջին իրադարձությունների։ Խոսքը նախ ԵԼՔ դաշինքի ներկայացրած 15.000 դրամների վերաբերյալ նախագծի մասին է, այնուհետև՝ ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքների հետ կապված խնդրի։
Անկախ ամեն ինչից՝ Տարոն Մարգարյանը ամեն դեպքում կդառա քաղաքապետ։ Վերջին երկու օրերին նրա շտաբում տեղի ունեցածը հեռու չէ իրականությունից (նկատի ունենք կաշառքների բաժանման թեման), սակայն դրանք ավելի շատ անփույթ աշխատանքի ու քարոզչության հետևանք են։ Վարչական շրջաններում նմանատիպ աշխատանքների կազմակերպման համար նա տեղերում համապատասխան մարդիկ ունի, ովքեր կարողանում են այդ գործընթացը կազմակերպել։ Չենք խոսում սրա լավ կամ վատ լինելու մասին, որովհետև փողով ընտրություն անելը արդեն հայ հանրության համար դարձել է հաց ուտելու պես սովորական մի բան, ինչը, իհարկե, ցավալի է։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու խնդիրը ոչ թե փող բաժանելն է, այլ այն հնարավորինս անաղմուկ անելը։ Վերջին երկու օրերի ընթացքում արվեց ճիշտ հակառակը, ինչը միգուցե 1-2 տոկոսով վնասի Տարոն Մարգարյանի վարկանիշին։
Նիկոլ Փաշինյանը այս քարոզարշավը անում էր նույն կերպ, ինչ խորհրդարանականը. նախաձառնությունը վերցրել էր իր ձեռքն ու բակային հանդիպումներով փորձում էր առավել հասանելի թվալ հանրությանը։ Հանուն ճշմարտության պիտի խոստովանենք, որ ինչ-որ չափով սա ԵԼՔ-ին հաջողվել է։ Ինչպես արդեն նշեցինք, այս քարոզարշավի կուլմինացիան վերջին մի քանի օրերն էին։ Նախ՝ Փաշինյանն ու թիմակիցները, երևի թե հասկանալով, որ այս ընտրություններում նորից փողն է հաղթելու, փորձեցին ներկայացնել ՀՀԿ-ի՝ փողի բաժանման, այսպես ասած, լեգիտիմ հակափաստարկ՝ նորից գումարի տեսքով։ Փաշինյանը խոստացավ քաղաքապետ դառնալուց հետո բոլոր այն ընտրողներին, ովքեր մերժել են ընտկակաշառքը, վճարել 15.000 դրամ՝ Երևանի ավագանու որոշմամբ հաստատված բյուջեից։ Սա հանրությունը միանշանակ չընկալեց, ինչը պայմանավորված էր ոչ այնքան առաջարկի անընդունելի լինելով, այլ դրա մատուցման փնթիությամբ։ Սակայն Փաշինյանը շատ արագ, ֆուտբոլային լեզվով ասած, պատասխան գոլ խփեց՝ Տարոն Մարգարյանի շտաբում հայտնաբերելով բաժանվող ընտրակաշառքի առարկայական ապացույց, այնուհետև թիմակիցների հետ քաշքշուկների մեջ ընկնելով՝ ոստիկանների հետ։ Ասել կուզենք՝ մարդկանց ուշադրությունը շեղեցին ընտրակաշառքների թեմայից։ Հիմա տեսնենք, թե սա ինչ տվեց ԵԼՔ-ին։ Մեծ հաշվով՝ ոչինչ. եղած ռեյտինգը, որը, տարբեր հարցումների համաձայն, 15-17 տոկոս է, պահպանվեց։
Դե իսկ ինչ մնում է Զարուհի Փոստանջյանին ու «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, ապա հայ «Մարի Լը Պենը», որպիսին փորձում էր ներկայանալ Փոստանջյանը, դեռևս մեծ խնդիրներ ունի։ Այդ խնդիրը գալիս է ավելի շատ ոչ թե անձերից կամ ծրագերից, այլ որպես անհատական քաղաքական գործիչ լինելու Փոստանջյանի անփորձությունից։ Քարոզարշավի ընթացքում երևում էր, որ Փոստանջյանը լարված է, միայնակ է վերցրել իր ուսերին այդ ամբողջ պատասխանատվությունը։ Եթե ԵԼՔ-ի դեպքում, բացի Փաշինյանից, նրան օգնում են նաև Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը, ապա «Երկիր Ծիրանիի» դեպքում Զարուհին իր քարոզչությունը իրականցնում է լռիվ միայնակ։ Քարոզչությունն էլ՝ որպես այդպիսին, այնքան էլ էֆեկտիվ չանցավ, ինչի արդյունքում էլ կարծում ենք՝ վերջնական հաշվարկում Փոստանջյանը կզբաղեցնի երրորդ տեղը հինգտոկոսանոց ցուցանիշով։