2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի պետական բյուջեում հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 14.9 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 8.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 6.6 մլրդ դրամ:
2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 19%-ով կամ 2.4 մլրդ դրամով: Ընդ որում՝ աճ է արձանագրվել և´ ՀՀ-ում արտադրվող, և´ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում՝ համապատասխանաբար 44.9%-ով (2 մլրդ դրամով) և 4.3% ով (344 մլն դրամով): Ներքին արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի աճի և 2016 թվականի մայիսի 1-ից սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառելու արդյունքում:
Ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից ստացված մուտքերի աճով: