
«Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանը նախագծից հետո էլ շարունակում է երգչուհու կարիերան: ArmStar.am-ը զրուցեց նրա ձեռքբերումների, նախագծում հաղթելու, հայտնի դառնալու և ապագա պլանների մասին:
Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր կյանքը չի պատկերացնում առանց երաժշտության, և դա էր պատճառը, որ որոշեց մասնակցել նախագծին:
«Նախագիծն ինձ շատ մասնագիտական հմտություններ տվեց, ճանաչում: Նախագծի շնորհիվ կարողացա հասկանալ և ճիշտ գնահատել իմ կարողությունները, կարողացա ապացուցել, որ ցանկացած իրավիճակում ամենակարևորը մարդկային արժեքներին անդավաճան մնալն է», - նշեց Սոնան:
Երևանի կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժնի ուսանողուհի Սոնան փորձում է կոտրել մարդկանց մոտ այն կարծրատիպը, թե երգչուհուն պետք չեն մասնագիտական գիտելիքներ. «Փորձում եմ կատարելագործել այն, ինչ գիտեմ, ինքնակրթությամբ եմ զբաղվում»:
Երիտասարդ երգչուհին սկզբունքային է մոտենում իր կատարած երգերին. «Չեմ երգի այն երաժշտությունը, որը չեմ սիրում, չեմ լսում և որի իմաստը չեմ հասկանում»:
Հոնորարների մասին խոսել չի ցանկանում, միայն նշեց, որ առաջին վաստակած գումարը 250 դոլար էր, երբ 9 տարեկան հասակում Երգի պետական թատրոնի սաների հետ մեկնել էին ԱՄՆ հյուրախաղերի:
Երազանքների հարցում էլ շատ համեստ է. «Երազում եմ՝ երկրիս համար գոնե ինչ-որ բանով օգտակար լինեմ: Հնարավոր է` տպավորություն ստեղծվի, թե ուղղակի խոսքեր եմ ասում, բայց հավատացեք, դա եմ երազում»,- անկեղծացավ երգչուհին:
Ապագա պլանների մասին նշեց, որ ցանկանում է տեսահոլովակ նկարահանել իր իսկ հեղինակային երգի հիման վրա, իսկ շուտով նրան կարելի է տեսնել «Շանթ» հեռուստաընկերության երկու նախագծում:
Մեր այն հարցին՝ ինչ չգիտեն երկրպագուները Սոնայի մասին, երգչուհին նշեց. «Կուզեի որ նրանք, ովքեր սիրում են երգերս, իմանան, որ իրենց շատ եմ սիրում, և եթե նրանք չլինեն, իմ ստեղծագործելն ու երգելն անիմաստ կլինի: Շնորհակալ եմ նրանց ջերմության, ամեն մի նամակի համար, լավ խոսքից ավելի եմ ոգևորվում: Ամեն ինչ դեռ առջևում է, շատ գործեր ունեմ դեռ անելու, թող հետևեն»:
Հետաքրքրվեց` Սիրանուշ Գրիգորյանը
Լուսանկարները` Սոնա Ռուբենյանի անձնական արխիվից