Մարտի 23-ին, 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ ռուս քաղաքական գործիչ, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:
Բերեզովսկուն գտան մահացած Անգլիայում գտնվող իր բնակարանում: Ըստ պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառը սրտի կանգն է: Ըստ վերջին տեղեկությունների՝ գործարարն ինքնասպան է եղել:
Ներկայացնում ենք 15 փաստ, որոնց շնորհիվ օլիգարխը ճանաչում ունեցավ:

1. Բերեզովսկին ու առաջին բիզնես ծրագիրը
1989 թվականին գործարարը նախաձեռնեց իր առաջին խոշոր բիզնես ծրագիրը՝ «ԼոգոՎազը»: Ընկերությունը զբաղվում էր Վոլգայի գործարանի արտադրանքը արտահանելով, ինչպես նաև Mercedes-Benz-ի ներմուծմամբ: «ԼոգոՎազը» դարձավ գործարարի հարստացման սկզբնակետ:
2. Բերեզովսկին և Բորիս Ելցինը
Բերեզովսկին համարվում էր Բորիս Ելցինի մտերիմ անձանցից մեկը: 1996 թվականին մեծ հաշվով հենց Բերեզովսկու շնորհիվ Ելցինը վերընտրվեց նախագահ: 1990-ականների վերջին, Ելցինի հաղթական քարոզարշավին մասնակցություն ունենալուց հետո, Բերեզովսկին դարձավ ամենաազդեցիկ օլիգարխը:
Հատված Բորիս Ելցինի «Նախագահական մարաթոն» գրքից.
«...Ես երբեք չեն սիրել ու չեմ սիրում Բորիս Աբրամովիչին: Չեմ սիրում նրա ինքնավստահ տոնի համար, սկանդալային համբավի համար, այն բանի համար, որ նրան է վերագրվում Կրեմլի վրա հատուկ ազդեցությունը, որը երբեք չի եղել: Չեմ սիրել, բայց միշտ փորձել եմ նրան մոտ պահել, որպեսզի... չկորցնեմ: Պարադո՞քս: Գուցե, այո: Բայց ոչ այն մարդու համար, ով պրոֆեսիոնալ է զբաղվում քաղաքականությամբ: Մենք՝ այս մասնագիտության ներկայացուցիչներս, երբեմն ստիպված ենք օգտագործել մարդկանց, որոնց հանդեպ հատուկ ջերմ զգացմունքներ չենք տածում: Ստիպված ենք օգտագործել նրանց տաղանդը, մասնագիտական ու գործնական հատկությունները: Այսպես է եղել նաև Բորիս Բերեզովսկու դեպքում»:
3. Բերեզովսկին ու «Սիբնավթը»
1996 թ. Բերեզովսկին համոզեց Բորիս Ելցինին ստեղծել մանսկավոր նավթային ընկերություն: Ավելի ուշ ընկերության ֆորմալ սեփականատեր դարձավ Ռոման Աբրամովիչը: Լոնդոնի բարձրագույն դատարանում Բերեզովսկուն չհաջողվեց ապացուցել, որ ընկերության իրական սեփականատերը ինքն է, ոչ թե նրա կրտսեր գործընկերը:
4. Բերեզովսկին և Չեչնիան
90-ականների կեսերին զբաղեցրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը: Հենց Բերեզովսկին նպաստեց Ռուսաստանի ու Չեչնիայի Հանրապետության միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը: Այս իրադարձությունից հետո օլիգարխին բազմիցս մեղադրեցին չեչեն գրոհայինների հետ կապի մեջ:

5. Բերեզովսկին ու սպանությունները
1994 թվականի հունիսին պայթեցնում են Բերեզովսկու ավտոմեքենան: Վարորդը մահանում է, բիզնեսմենն ու անվտանգության աշխատակիցը վնասվածքներ ստանում: Հանցագործության կազմակերպման մեջ կասկածվում էր «Օրեխովսկի» հանցավոր խմբավորման ղեկավար Սերգեյ Տիմոֆեևը, ավելի ուշ նրան պայթեցրին իր մեքենայի մեջ: Ընդհանուր առմամբ, Բերեզովսկու դեմ մահափորձի վեց դեպք է եղել: Վերջին փորձը եղել է 2007թ. հունիսին, Լոնդոնում: Ոչ մի փորձ դեռևս չի բացահայտվել:

6. Բերեզովսկին ու մեդիա-կայսրությունը
Բերեզովսկին երկրի ամենամեծ մեդիա-խմբերից մեկի ղեկավարն էր: Նա վերահսկում էր մի քանի տպագիր լրատվամիջոց (Коммерсант, Независимая газета, Новые Известия), ռադիո (Наше Радио), ОРТ (այժմ 1-ին ալիք) և ТВ 6 հեռուստաընկերությունները:
7. Բերեզովսկին և Վլադիմիր Պուտինը
Բերեզովսկին 2000 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավին: Չնայած նրան, որ Բերեզովսկին պաշտպանեց Պուտինի թեկնածությունը՝ որպես Ելցինի «ժառանգորդ», այնուամենայնիվ, երկրի նոր ղեկավարի հետ հարաբերությունները շատ արագ վատացան:
8. Բերեզովսկին և Լոնդոնը
Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կոնֆլիկտից հետո` 2001 թվականին, Բերեզովսկին մշտական բնակություն հաստատեց Լոնդոնում: Այստեղ նրան հաջողվեց քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալ: Լոնդոնում բնակվելու տարիներին գործարարը դարձավ Պուտինի գլխավոր քննադատներից մեկը, մասնավորապես, մասնակցում էր 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ ընտրությունների կեղծման:

9. Բերեզովսկին ու Պուտինի փոփոխությունը Ռուսաստանում
2000-ականների կեսերին Բերեզովսկին խոստովանեց, որ իշխանության փոփոխություն է նախապատրաստում: Քաղաքական գործիչը կողմ արտահայտվեց ՌԴ իշխանության փոփոխությանը, բայց բացառապես խաղաղ ճանապարհով: 2004 թվականին Բերեզովսկու աջակցությամբ քաղաքկան գործիչ Իվան Ռիբկինն առաջադրեց իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, իսկ քվեարկության նախօրեին խորհրդավոր ձևով անհետացավ ու հայտնաբերվեց Կիևում: Այս դեպքի մասին մինչ օրս որևէ մանրամասն հայտնի չէ:

10. Բերեզովսկին ու Պատարկացիշվիլին
Երկար տարիներ Բերեզովսկու բիզնես գործընկերներից է եղել Բադրի Պատարակացիշվիլին, ով մասնակցել է գործարարի բոլոր կարևոր ծրագրերին: Պատարկացիշվիլու մահվանից հետո Բերեզովսկին ու հանգուցյալի ընտանիքը դատական քաշքշուքի մեջ ընկան:
11. Բերեզովսկին ու Ալեքսանդ Լիտվինենկոն
Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը 2006 թ. մահացավ Լոնդոնում, պատճառը թունավորումն էր: Լիտվինենկոն Լոնդոնում ակտիվորեն համագործակցում էր Բերեզովկու հետ՝ ընդդիմադիր ծրագրերում:

12. Բերեզովսկին ու արդարադատությունը
Բերեզովսկու նկատմամբ 11 քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում էր գումար լվանալու, խարդախությունների, հայտնի քաղաքական գործիչների սպանությունները նախապատրաստելու մեջ: Որոշ լրատվամիջոցներ հեռուստահաղորդավար Վլադ Լիստևի սպանությունը նույնպես վերագրում էին Բերեզովսկուն, սակայն բավարար ապացույցներ չեն եղել:
13. Բերեզովսկին ու Ռոման Աբրամովիչը
Բերեզովսկին 5,5 մլրդ դոլար փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդեմ Ռոման Աբրամովիչի: Բերեզովսկին պնդում էր, որ Աբրամովիչն իրեն ստիպել է «Սիբնավթ» ընկերության ակցիաները վաճառել մի քանի անգամ էժան գնով: 2012թ. Բերեզովսկին տանուլ տվեց դատը, սակայն համաձայնեց փոխհատուցել դատական ծախսերը՝ 35 մլն ֆունտստերլինգ:
14. Բերեզովսկին և Ուկրաինան
2004 թվականին Բերեզովսկին ակտիվորեն պաշտպանեց Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունը», նույնիսկ իշխանության փոփոխությունից հետո պատրաստվում էր տեղափոխվել այնտեղ ու միլիարդավոր դոլարների ներդրում անել:

15. Բերեզովսկին ու արվեստը
Բերեզովսկին վերջերս վաճառեց հայտնի նկարիչ Էնդի Ուորխոլի «Կարմիր Լենին» կտավը՝ 202 հազար դոլարով: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարարը կտավը աճուրդի էր հանել ֆինանսական դժվարությունների պատճառով:



