Տարիներ շարունակ Աջարիայի մահմեդական համայնքը տեղի իշխանություններից պահանջում է տրամադրել Բաթումի քաղաքում մզկիթի կառուցման թույլտվություն: Դեռևս 2011թ.-ին՝ Սաակաշվիլիի իշխանության տարիներին, Վրաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարությունների միջև չհրապարակայնացված հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ վրացական կողմը խոստացել էր իրականություն դարձնել Բաթումիում մզկիթի կառուցումը: Տվյալ պայմանավորվածության մասին լուրերը տարածվելուց հետո լուրջ քննադատությունների արժանացան այդ ժամանակվա գործող իշխանությունները, ինչի արդյունքում գործընթացը, դեռ չսկսված, կասեցվեց: Մեկ տարի անց Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Աջարիայի մահմեդականներին խոստացավ լուծել այդ հարցը, սակայն խոստումը մնաց չիրականացված: Արդեն 2014թ.-ին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նույնօրինակ խոստումը ևս մնաց «խնդրողների» հուշերում:
Մայիսի 5-ին պարզ դարձավ, որ Բաթումիի քաղաքապետը մերժել է «Բաթումիում նոր մզկիթի կառուցման հիմնադրամ»-ի դիմումը՝ քաղաքում մզկիթի կառուցման թույտվություն տալու հետ կապված: Տվյալ հիմնադրամը ընթացիկ տարվա սկզբին հատուկ ստեղծվել էր վերոնշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով, որից հետո փետրվար ամսին սկսել էր ակտիվ գործունեություն այդ ուղղությամբ, նույնիսկ գնվել էր հողատարածք, որտեղ պետք է կառուցվեր մզկիթը, և պատվիրվել մզկիթի ճարտարապետական էսկիզներ (նկարում դրանցից մեկն է պատկերված): Ի դեպ՝ մզկիթի կառուցման համար անհրաժեշտ գումարը, ինչպես մահմեդական համայնքի ներկայացուցիչներն են նշում, դեռևս հավաքված չէ:
Հ.Գ. Ի վերջո, Բաթումիի քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու վերոնշյալ խնդրանքը բավարարել, այլապես Բաթումիում կարող է լուրջ բողոքի ալիք բարձրանալ տեղի մահմեդական բնակչության կողմից: Այդ դեպքում, սակայն, չի բացառվում, որ իշխանությունների կողմից հիշյալ թույլտվությունը հաստատելու պարագայում ևս բողոքի հակառակ ձայն բարձրացնեն տեղի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը (Աջարիայի տարածքում) երեք անգամ գերազանցում է մահմեդական բնակչության թվաքանակին:
Հետաքրքիր է՝ ինչ լուծում կգտնեն իշխանություններն այս՝ իրականում դժվարին իրավիճակում: