Հերթական անգամ ականատես ենք լինում բնավ էլ ոչ շարքային ՀՀԿ-ականի ոչ ադեկվատ հայտարարության, որը կարելի է մեկնաբանել կամ նրա մոտ զբաղեցրած դիրքին կտրուկ անհամապատասխանությամբ, կամ էլ վերևներին հաճոյանալու պայմանական ռեֆլեքսով։ ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, անդրադառանալով խորհրդարանը ցրելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին և ստվերային կառավարության ստեղծմանը, հայտարարել է.
«Ստվերային կառավարությունը գաղտնի կառույց է, որը պետք է բացահայտել եւ պատժել: Քանի որ նրանք դեռ սահմանափակվում են հանրահավաքներում իրենց խոսքի ազատությունն իրացնելով եւ արտահայտվելով, առայժմ խնդիր չկա: Բայց եթե խոսքից գործի անցնեն, ինչպես դա եղավ 2008թ. մարտին, երբ քաղաքացիական անհնազանդության կոչեր էին հնչում, այդ դեպքերի համար կան ոստիկանությունը, Սահմանադրությունն ու օրենքները: Հանրահավաքները կարող են տարիներ ձգվել, դա իրենց իրավունքն է: Մենք 2008թ. մարտի 1-ի սցենար չենք գծում, սակայն եթե ընդդիմությունն անցնի զինված պայքարի, բնականաբար կառավարությունը թույլ չի տա կործանել դժվարությամբ ստեղծված պետությունը»։
Բարեբախտաբար, ՀՀԿ-ական նոմենկլատուրշիկներից ու տաքուկ աթոռներից կառչածներից զատ, ունենք նաև այնպիսի պետական այրեր, ովքեր առնվազն հասկանում են, որ ամեն բառը, որը հնչեցնում է քաղաքական գործիչը, պետք է քաշ ունենա և հիմնավորում։ Այս առումով կեցցե Վովա Գասպարյանը, ով, կտրվելով քաղաքական պոպուլիզմից ու անհասկանալի հռետորիկայից, պարզ, կարճ ու կոնկրետ արձագանքել է Մարտի 1-ի կրկնության մասին խոսակցություններին։ Ոստիկանապետը մասնավորապես նշել է.
«Կարծում եմ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում եւ չի էլ ունենալու։ Ե´վ մեր հասարակությունը, ե´ւ մեր կուսակցությունները դա գիտակցում են։ Իսկ եթե կան արկածախնդիրներ, որոնք կարծում են, թե կարելի է օյինբազություններով երկիրը փորձությունների տանել, դրանց համար կան կոնկրետ մեխանիզմներ, կոնկրետ մարդիկ, կոնկրետ համակարգեր, որոնք, գործելով բացառապես օրենքի տառին համահունչ, երբեք չեն հանդուրժի նման երեւույթներ։ Չեն լինելու մարտի մեկի նման երեւույթներ, չի լինելու եւ դրանից առաջ տեղի ունեցած այն ամենը, ինչի մասն այսօր ցավով ու ափսոսանքով ենք հիշում։ Եվ չի էլ լինելու հակառակը. ոստիկանությունը բարի է, ոստիկանությունը խոնարհ է այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի խախտվել։ Եթե օրենքը խախտվի, ոստիկանությունը բառիս բուն իմաստով գործելու է օրենքի տառին համապատասխան, ոստիկանությունը ունի թե´ մտավոր, թե´ մասնագիտական կարողություններ, որպեսզի կասեցնի ցանկացած երեւույթ, որը համահունչ չի լինի օրենքին, հասարակության մեծամասնությանը եւ այլն»։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/235431013261941
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել