Արմավիր քաղաքում մոտակա ժամանակահատվածում խոշորամասշտաբ ներդրումային ծրագրեր կիրականացվեն: Քաղաքում նախատեսվում է կառուցել աղբի վերամշակման գործարան, որի կառուցման նախագիծն արդեն պատրաստ է: Ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ: Ընդ որում՝ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը:
Քաղաքում նախատեսվում է նաև հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան: Այն հիմնվելու է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում: Նոր գործարանում կարտադրվի տոմատի մածուկ, մրգային և բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150 մլն դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ: Նշենք, որ այս երկու նախագծերի իրականացումը նոր տնտեսական շունչ կապահովի Արմավիր քաղաքի համար և հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր: