«Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Այդ մասին նշվում է մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ»,- փոխանցում է TASS գործակալությունը։
Հայտարարությունում նշվում է, որ միջոցառումների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցության մեջ և տարբեր ժամանակներում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Նրանց դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այս հայտարարությունը շատ ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական կողմը խոշոր ռազմական գործողություններ է նախապատրաստում Թերթերի ուղղությամբ։
Բաքվի այդպիսի «բացահայտումները» խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է «իրավական» հիմք ստեղծել Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա սկսելու ու այն՝ որպես հակաքայլ, զսպման միջոց ներկայացնելու համար միջազգային հանրությանը։
Ադրբեջանի պես պետությունում, որտեղ ԱԱԾ-ն և ՊՆ-ն գտնվում են Ալիևի միանձնյա վերահսկողության տակ, հատուկ ծառայությունների այդպիսի «բացահայտումները» արվում ու ուղղորդվում են մի կետից` Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, և կարող են հետապնդել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական նպատակներ։
Արտաքին քաղաքական նպատակները պայմանավորված են Ղարաբաղի դեմ ագրեսիա սկսելու համար, այսպես ասած, casus belli ստեղծելու և միջազգային հանրությանը «տուժող» կողմ ներկայանալով՝ անցնել «պատասխան» գործողությունների։ Ադրբեջանի պարագայում դա նշանակում է ռազմական սադրանքներ` միջին և մանր, քանի որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մտել է փակուղի։ Այն տեղից շարժելու համար Բաքուն ապրիլյան Քառօրյա պատերազմ հրահրեց, իսկ այժմ էլ, երբ ՀՀ-ն Իսկանդեր և այլ զինատեսակներ է ձեռք բերել ու ամրապնդել առաջնագիծն ու «անսպասելիության» գործոնը գրեթե զրոյացրել, Բաքուն փորձում է հնարել տարբեր «առիթներ» հայկական կողմին ապակառուցողականության մեջ մեղադրելու համար։
Ինչ վերաբերում է ներքաղաքական հնարավոր նպատակներին, ապա Ադրբեջանում «հայկական հետքով» քրեական գործերի բացումը կարող է նպատակ հետապնդել «զտել» բանակն ու այլ ծառայություններն անցանկալի մարդկանցից` կլանային պայքարի և այլ տրամաբանության շրջանակներում, սկսել ադրբեջանական «Էրգենեքոնը» ու այդ գործի շրջանակներում զինվորական և այլ շրջանակներին պահել վախի մթնոլորտում. բոլոր չենթարկվողները կարող են մեղադրվել «հայկական լրտեսի» պիտակով ու ցմահ կամ երկարաժամկետ ձերբակալության դատապարտվել։
Ցանկացած պարագայում ՀՀ-ի հատուկ ծառայությունները, ինչպես նաև ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պետք է զգոն լինեն. Ադրբեջանը կարող է դիմել ցանկացած քայլի։ Ապրիլյան դասերը պետք է թարմ պահել ու առաջնագծի ամրապնդման աշխատանքներն ակտիվացնել։