Հեպատիտ Ց-ն առողջապահության համակարգի ամենաարդիական խնդիրներից մեկն է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում. ամեն տարի այս հիվանդությունը սպանում է մոտ 350-500 հազար մարդու: Հայաստանը վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև, ըստ նախնական հետազոտությունների, հայ ազգաբնակչության 2 տոկոսը համարվում է վիրուսային հեպատիտ Բ-ով, իսկ 4-5 տոկոսը՝ վիրուսային հեպատիտ Ց-ով վարակվածներ:
Հեպատիտ Ց-ն հնարավոր է բուժել, սակայն այն բավականին բարդ է: Կառավարությունը ևս քայլեր է կատարում այս հիվանդությամբ տառապող մարդկանց օգնելու նպատակով: Այսպես՝ գործադիրի նիստում որոշվել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ-ին նվիրաբերած «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:
Նշենք, որ Սովալդի դեղի համակցումը հակավիրուսային նույն սերնդի երկրորդ, իսկ որոշ դեպքերում՝ երրորդ դեղամիջոցներով հնարավոր է ապահովել հեպատիտ Ց-ով 95 տոկոս հիվանդների բուժման արդյունավետությունը Հայաստանում: