- ԲՀԿ-ից այսօր եղավ առաջին արձագանքը՝ ինքնաբացարկների սկանդալի հետ կապված, մասնավորապես, որ բոլորը տեղյակ են եղել, որ ինքնաբացարկների դիմում են գրելու: Ինքնաբացարկից հրաժարվածները, մինչդեռ, հակառակն էին պնդում: Սա դիտարկվո՞ւմ է որպես ապստամբություն դաշինքի ներսում, որի հովանու ներքո մտել են 6-րդ գումարման ԱԺ, ինչի մասին այս օրերին բազմաթիվ վերլուծություններ կան:
-Գիտեք, լավագույն գնահատականը հանրությունն ու հասարակությունը կարող է տալ։ Ես ընդամենը կարող եմ փաստն արձանագրել։ Դիմումներ գրելու վերաբերյալ այդ թեկնածուների բարձրաձայնումներն իրականության հետ առնչություն չունեն: Եվ իրականում նրանք բոլորն էլ գրել են դիմումներ, ստորագրել են, շատ լավ իմացել են, թե ինչ դիմումների տակ են ստորագրում: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ նրանք չդիմեցին իրավապահ մարմիններին՝ պարզելու այս ստորագրությունների իսկություն։ Եթե կասկածի տակ էին դնում այդ ստորագրությունները տալու հանգամանքը, ինչպես նաև, թե իրենց փոխարեն ուրիշն է ստորագրել, կարող էին դիմել իրավապահներին և խնդրել ձեռագրաբանական հետազոտությամբ պարզել դա: Եթե իրավապահներն անդրադառնան այս հարցին, կարծում եմ, սուտ մատնության մեղադրանքով նրանց կարող է մեղադրանք առաջադրվել: Այս մասով այսքանը, և չեմ կարծում, որ պետք է ավելի մեծ չափով անդրադառնամ նրանց:
-Իսկ հնարավո՞ր է, որ նրանց դատարկ թղթեր են տրվել:
-Ոչ, բացառվում է, որովհետև այդ գործընթացը տեղի չի ունեցել ծածուկ, գաղտագողի կամ թաքուն: Մարդիկ են ներկա եղել, բազմաթիվ մարդիկ անձամբ ականատես են եղել այդ գործընթացին: Այնպես որ, շատ պրիմիտիվ ձևով սեփական գործողությունները արդարացնելու և քաղաքական պայմանավորվածությունները ոտնահարելու փորձեր են ընդամենը, ոչ ավելին:
-Ամեն դեպքում, թեկնածուներից նախապես ստորագրություններ վերցնելը չի՞ համարվում կուսակցության ներսում ներքին ժողովրդավարության լավագույն նմուշ:
-Բնական է, որ նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների ու պարոն Ծառուկյանի միջև եղել է քաղաքական պայմանավորվածություն, և այդ պայմանավորվածությունը հիմնականում վերաբերել է այն հարցին, թե թեկնածուներից ով որքան ձայն կարող է ապահովել դաշինքի համար կամ ընտրողների ինչ քանակի վստահություն է վայելում: Քննարկումներ են եղել և այդ մարդիկ շատ լավ տեղյակ են այդ քննարկումներին: Մինչդեռ հետագայում արդեն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին միանգամայն այլ պատկեր, որ բարձրաձայնված քանակները կիսով չափ իրականությանը չեն համապատասխանել, այնպես որ այդ գործընթացը բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որի մասին իրենք շատ լավ տեղյակ են եղել, և էլի եմ կրկնում՝ որևէ բան չի արվել թաքուն կամ գաղտագողի՝ և՛ ընթացիկ, և՛ վերջնական գործընթացներում:
-Այսինքն՝ կարելի՞ է հասկանալ, որ բոլորը պայմանավորված ստում էին՝ ասելով, որ տեղյակ չեն: Ձեր գնահատականն այդպիսի՞ն է:
-Նախ՝ բոլորը չեն, և անգամ 12-ից, ովքեր ներկայացել են ԿԸՀ, ընդամենը մի քանիսն են ասել, որ իրենք չեն ստորագրել, իսկ գերակշիռ մասն ասել է, որ ստորագրել է՝ հետո փոշմանել: Մի երեք-չորսն են ասել, որ տեղյակ չեն եղել, կամ չեն ստորագրել: Սա իրականությանը չի համապատասխանում, դա կարող եմ ընդամենն ասել:



