Մարգարիտա Բարխոյանը թերևս այն երգչուհիներից է, ով երգարվեստում իր առաջին քայլերը սկսել է շատ վաղ տարիքից, սակայն ի տարբերություն այլ երգչուհիների` նա մշտապես հանդես էր գալիս իր եղբոր` Վլադիմիր Բարխոյանի հետ: Վերջին տարիներին  Մարգարիտան արդեն ներկայանում է միայնակ` այսօր արդեն նկարահանելով իր հեղինակային երգի տեսահոլովակը:

Տեսահոլովակի մանրամասների և իր մյուս ստեղծագործական նորությունների մասին տեղեկանալու համար ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ:

Ինչպե՞ս տարին սկսվեց Ձեզ համար, և դեռ ի՞նչ անելիքներ ունեք:

Նախ ասեմ, որ անցյալ տարին շատ ուրախ ավարտեցի և ավելի ուրախ սկսեցի ու վստահ եմ, որ շատ հաջող էլ ընթանալու է, ես ամեն ինչ կանեմ, որ այն ինձ համար լինի շատ կարևոր իրադարձություններով լի: Այս տարի շատ անելիքներ ունեմ և տարվա հենց առաջին օրվանից աշխատում եմ, որ ծրագրածս հասցնեմ իրականացնել:  

Այսօր ինչո՞վ եք զբաղված:

Այսօր զբաղված եմ իմ անհատական երգերի ձայնասկավառակի ձայնագրություններով, որոնց և´ խոսքերի, և´ երաժշտության հեղինակը ես եմ: Զբաղված եմ նաև իմ տեսահոլովակների նկարահանմամբ, որոնցից առաջինը շուտով պատրաստ կլինի:

Կպամե՞ք այդ նոր տեսահոլովակի մասին:

Տեսահոլովակը նկարահանվել է ռիթմիկ, պայծառ, իմ հեղինակային «Արևը» երգի հիման վրա: Ռեժիսորը Էդգար Վարդանյանն է. շատ գեղեցիկ ու գունեղ տեսահոլովակ է ստացվել, և հուսով եմ, որ այն կարժանանա բոլորի հավանությանը: Նկարահանումները տևել են 2 օր, 4 տարբեր վայրերում՝ քաղաքի գեղեցիկ ռեստորաններից մեկում, հագուստի ու կահույքի խանութներում, իսկ պարային հատվածը՝ գործարանում: Այն բեմադրվել է «M&Art» պարային ստուդիայի կողմից:

Տեսահոլովակը տարբերվում է նրանով, որ սա իմ առաջին հեղինակային երգի հիման վրա է նկարահանվել, ես նման ռիթմիկ երգ առաջին անգամ եմ ներկայացնելու, որը կտարբերվի նաև իր գունեղությամբ ու պայծառությամբ: Այն գրեթե պատրաստ է, և շուտով կլինի պրեմիերան:

Իսկ զուգերգի տեսքով նոր երգեր սպասվո՞ւմ են:

Դեռ դուետներ չեն լինի, քանի որ ես այսօր ավելի շատ զբաղված եմ անհատական երգերի ձայնագրություններով:

Վլադիմիրի հետ էլ չկա՞ն պլանավորած նոր զուգերգեր:

Վլադիմիրը նույնպես զբաղված է իր անհատական կարիերայով, և ես ստեղծագործում եմ նաև նրա համար, իսկ զուգերգեր կլինեն, բայց ոչ հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել