Tert.am-ը գրում է.
Հնարավորություն ու շանս տեսնում եմ, որ Երևանում իշխանափոխություն տեղի ունենա. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո չի մտափոխվել՝ իր ձայնն այս անգամ էլ կտա ընդդիմադիր «Ելք» դաշինքին:
«Իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ, ու հիմա միայն «Ելքո՞վ» կլինի նոր իշխանություն, թե՞ միասնական՝ «Երկիր Ծիրանիի» հետ, ամեն դեպքում շատ ուրախ կլինեմ, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր վերահսկող ֆունկցիայով նոր շունչ բերի քաղաքին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր մտային բախումներ կլինեն: Ես համարում եմ, որ այսօր քաղաքին պետք է փոփոխություն, և այսօր ձևավորվել է շանս, որ ունենանք շատ հզոր ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի. իրենք իրապես ունեն մեծ ռեսուրսներ, տիրապետում են մեծ տեղեկությունների և նախկինում իրենց կառավարման փորձը հիմա կօգտագործեն վերահսկողության իմաստով, նոր գաղափարներ առաջ տանելու համար»,-ասաց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ կունենանք նաև նոր իշխանություններ, որոնք կգան նոր շնչով, նոր ամբիցիաններով ու նոր ծրագրերով:
«Շատ կարևոր է հասկանալ՝ ուզո՞ւմ ենք փոփոխություն, թե ոչ։ Եթե ոչ, բան չունեմ ասելու, կարող է 200 տարի հետո Երևանը հասնել, օրինակ, Սոֆիայի մակարդակին. եկեք դանդաղ սենց գնանք, մեզ արագ քայլեր, փոփոխություններ պետք չեն, մեզ նոր շունչ պետք չէ, հետո՞»,-ասաց նա:
Նախկին ԱԺ պատգամավորի խոսքով՝ եթե նայում ենք ընդհանուր պատկերին, «Ելք» դաշինքն այսօր հանդես է գալիս ամբողջ քարոզարշավի «առաջին ջութակի» կարգավիճակով:
«Խոսեցին ճանապարհներից, բոլորը սկսեցին խոսել ճանապարհներից, խոսեցին տրանսպորտից, իրենց հետևից բոլորը սկսեցին խոսել տրանսպորտից, խոսեցին քաղաքացիական խնդիրներից, բոլորը սկսեցին խոսել, վերելակ, կանաչապատում՝ նույնը։ Այսինքն՝ իրենք թեման բերում են և օրակարգ դարձնում»,-ասաց նա և նշեց, թե հետաքրքիր վիճակ է ձևավորվել՝ մյուսները, փոխարեն իրենց ծրագրերը ներկայացնեն, պատասխանում են «Ելքի» քաղաքական գործիչների կողմից բարձրացված խնդիրներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



