Պատմական գիտությունների թեկնածու |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար: Սակայն երկար ժամանակ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ իրենց զինվորականների գործողությունները համարժեք են եղել և չեն պատրաստվում ներողություն խնդրել թուրքերից: Հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպել Իսրայելին գնալու այդ քայլին, և այդ քաղաքականությունն որքանո՞վ է առնչվում ՀՀ շահերին: Նախ հարցը պետք է դիտարկել ԱՄՆ նախագահ Օբամայի շրջայցով դեպի Մերձավոր Արևելք, որի ընթացքում նա ևս մեկ անգամ փոձեց ու կարծես թե ստացվեց թուլացնել թուրք-իսրայելական հարաբերությունները, որը բխում է նաև ԱՄՆ շահերից: Մյուս կողմից սիրիական հարցում և՛ Իսրայելը և՛ Թուրքիան ունեն ընդհանուր շահեր ու համատեղ պայքարում են Ասադի ռեժիմի կործանման համար: Սակայն միայն նշված հանգամանքները բավարար չէին Իսրայելին ստիպելու, որպեսզի նա ներողություն խնդրի Թուրքիայից: Այստեղ կան ավելի լուրջ պատճառներ, ինչպիսին Պաղեստինյան հարցն է, և թուրքական իշխանությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն պաղեստինյան ապստամբների վրա, կարող են մեծապես օգնել Նեթանյահուի կառավարությանը թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և այն տեղափոխել Սիրիա: Սակայն թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը մեր համար մտահոգիչ է հետևյալ առումներով.
1. ԱՄՆ-ում և Եվրոպայում մեծ ազդեցություն ունեցող հրեական կազմակերպությունները կարող են լրջորեն խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
2. Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությունը, թուրքական գործոնի մեծացման պարագայում, կարող է ավելի խորանալ:
3. Տարածաշրջանում ավելի է մեծանալու Թուրքիայի ազդեցությունը, որը ուղեկցվելու է ԼՂՀ հարցում ՀՀ վրա ճնշումներ գործադրելու փորձերով:
Այսպիսով Մերձավոր Արևելքում ստեղծվում է նոր իրավիճակ, և մեր արտաքին քաղաքականության գերակայություններից պետք է լինի լավ հարաբերությունների հաստատումն ինչպես Իսրայել պետության, այնպես էլ հրեական կազմակերպությունների հետ, որպեսզի թույլ չտանք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները զարգանան ի հաշիվ ՀՀ շահերի: