Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում բանջարեղենի արտադրությունը ԵՏՄ երկրներում աճել է 13%-ով: Դեռևս նախորդ տարի այդ ցուցանիշը հասել էր 24 մլն տոննայի: Բանջարեղենը ԵԱՏՄ բոլոր երկրներում ընդգրկված է զգայուն ապրանքների ցանկում, ըստ որի՝ ձևավորվում են եվրասիական կանխատեսումային հաշվեկշիռները:
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ևս այս ճյուղը զարգանում է, և այն փաստը, որ միությունում շարունակվելու է բանջարային մշակաբույսերի արտադրության աճը, կարող է մեծ դեր ունենալ նաև մեր երկրում այս ճյուղի արագ զարգացման համար: Նախատեսված է պաշտպանված հողերում բանջարեղենի աճեցման ակտիվացում: Համաձայն ԵՏՀ-ի կանխատեսման՝ 2018 թվականին սպասվում է 2016 թվականի մակարդակի համեմատ ցանքատարածությունների ու բանջարեղենի արտադրության ծավալների աճ 11%-ով, ինչը թույլ կտա գրեթե լիովին ապահովել Միության անդամ պետությունների բնակչության՝ այս արտադրանքի պահանջարկը: