Aysor.am-ը գրում է.
 «Յելլ էքստրիմ պարկը» Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից սկսած 30 օրով հայտարարել է դրամահավաք՝ Հայաստանի Ենոքավան համայնքում աշխարհի ամենաերկար՝ 2680մ երկարությամբ, զիփլայնը կառուցելու նպատակով:

«Սա «Յելլ էքստրիմ պարկի» հնգամյա զարգացման պրոցեսից մեկն է: Մինչև հունիսի վերջ հուլիսի սկսիզբ այդ զիփլայնը կառուցելու հույս ունենք, արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կներկայանացնենք 2018 թվականի համար նախատեսված պրոեկտները: Այս պահին ունենք արդեն զիփլայնի գործող 5 գիծ», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Նրա խոսքով՝ այս դրամահավաքին նախատեսում են հավաքել 20 հազար ԱՄՆ դոլար, սակայն զիփլայն կառուցելու համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար:

Ասուլիսին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր հերթին ընդգծեց, որ մասնավորի կողմից առաջարկվող նմանատիպ նախաձեռնությունները շատ ողջունելի են:

«Ես ուզում եմ ասել, որ Տիգրանն ու իր ընտանիքը հենց Ենոքավանից են. երկար ժամանակ արտերկրում ապրելուց հետո վերադարձել են և հենց իրենց հայրենի գյուղն են զարգացրել: Այն, ինչի մասին շատ հաճախ իր հանդիպումների ժամանակ նշում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կոչ անելով հայրենակիցներին ետ վերադառնալ և իրենց հարազատ ծննդավայրերում ստեղծել զբոսաշրջային արդյունքեր», - ասաց Զ. Զեյթունցյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել