Tert.amLife-ը գրում է.
«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի անցած դժվարին ճանապարհի մասին Tert.am Life–ի նախորդ հարցազրույցը մեծ արձագանք ստացավ։ Հարցազրույցի երկրորդ մասում նրա հետ խոսել ենք միայնակ մայր լինելու, 2 ամուսնալուծության, նախկին ամուսնու որդուն իր երեխայի պես մեծացնելու, իր մեծ սիրո և անձնական կյանքի հետաքրքիր դրվագների մասին, որոնց վերաբերյալ մինչև այս որևէ տեղ չի խոսել։
 
Իրեն բնորոշ անկեղծությամբ Շուշանիկ Արևշատյանը հետաքրքիր խոստովանություններ արեց այս զրույցի ժամանակ։
 
–Տիկին Շուշանիկ, դուք բավականին բարդ ճանապարհ եք անցել՝ որպես կին կայանալու, Ձեր ռադիոն հիմնելու համար։ Այդ ամենին հասել եք միայնակ։ Տարիներ առաջ հասարակությունն ավելի կարծրատիպային մոտեցում ուներ ամուսնալուծված կանանց հանդեպ։ Ձեզ համար որքանո՞վ էր բարդ 2 երեխայի միայնակ մայր լինել։
 
–Իրականում, այն ժամանակ հասարակական ճնշումն ավելի քիչ էր, քանի որ 90-ականներին շատերի ամուսինները դրսում էին։ Բոլորի ընտանիքներն էին փլուզված։ Ես բաժանվել եմ 1994–ին, երբ ամուսինս գնաց արտերկիր աշխատելու և գնաց...
 
Ես չեմ զգացել հասարակական ճնշում, սակայն որպես մայր ունեցել եմ դժվարություններ։ Սկսած ֆինանսական խնդիրներից մինչև այն, որ իմ երեխաների վրա զգացել եմ հոր բացակայությունը։ Սակայն ես լավ մամա եմ եղել։ Որքանով կարողացել եմ հա՛մ մամա եմ եղել, հա՛մ պապա. որդուս հետ ֆուտբոլի էլ եմ գնացել, որսի էլ,  կրակելու էլ։ Ես տառապյալ մամա չեմ եղել։ Ընդունել եմ իրականությունը` ամուսին չկա, չկա, ուղղակի փորձել եմ լրացնել այդ բացը։ Հայտնի չէ` ի՞մ բախտն է ավելի բերել, թե՞ իր։ Կարծում եմ` իմ։)
 
Ամենաբարդը որդուս կայացման շրջանն էր` վատ  շրջապատ, տղաներ, դուրս...  Ինքն էլ իսկական տղա է, ինձ ոչինչ չէր ասում։ Երեք անգամ քթի վիրահատություն ենք արել, բայց մինչև հիմա չգիտեմ` ինչ էր եղել։ Այդ առումով հոգեբանորեն բարդ էր։ Ուժս չէր պատում, ես չէի կարող գնալ, խառնվել։ Տղաս ինքը կերտեց իր ճանապարհը։ Վերջերս եմ իմացել, որ երբ տեսնում էր` ճար չկա, զանգում էր ռադիո, տղերքին ասում։ Ինքն այդ  սատարումը գտնում էր իմ ռադիոընտանիքում։ Ես տարիներ հետո եմ իմացել, որ օրինակ, Մաքսը, Ժակը, Գլումովը ինչ–որ հարցում օգնել են իրեն։
 
 
 
–Միայնակության զգացում չէ՞իք ունենում։
 
– Միայնակության զգացում տարին 4 անգամ եմ ունենում` Մարտի 8, Փետրվարի 14, ծննդյան  օր և Նոր տարի։ Տարվա մեջ այս 4 օրն է, որ ես շատ ծանր եմ տանում։ Ինձ ձև եմ տալիս, թե ուրախ եմ, բայց խեղճանում եմ։ Երեխա ես ամուսնացնում, թոռ ես ունենում, կողքիդ մեկը չգա, որ կիսի երջանկությունդ, բայց դա էլ է անցնում։ Կյանքում ամեն բան անցնում է։
 
–Ձեր դստեր հետ մամա–աղջիկ հարաբերությունների մեջ կարողանո՞ւմ եք պահել նաև ընկերական հարաբերությունները։
 
–Աղջկաս հետ մեր հարաբերությունները փուլ առ փուլ փոխվել են, սկզբում` մամա–բալիկ, հետո` ընկերներ, հիմա` գործընկերներ ենք։  Ես իր ֆիլմի պրոդյուսերն եմ։ Հետաքրքիր մի բան ասեմ` մեր միջև  մրցակցություն կա։ Ես իրեն պահանջներ եմ ներկայացնում` որպես պրոդյուսերը ռեժիսորին, ինքն  ինձանից է դժգոհ։) Շատ հավես հարաբերություններ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել