«Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավը «Խոսրովի անտառ» պետական արգելոց լրագրողների համար կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF Հայաստան) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:
Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշեց, որ Կովկասյան ընձառյուծի ապրելավայրերը հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցից է սկսում. «Բավական երկար տարիներ այստեղ ընձառյուծ եղել է և հիմա էլ մենք տեղեկություններ ունենք, որ պարբերաբար նկատվում է, բայց ավելի շատ հիմա մեր մոտ հարավում է դիտարկվում»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենք ֆոտոթակարդերով և դաշտային մշտադիտարկումներով հետևում են ընձառյուծին և նրա որսի տեսակներին՝ բեզոարյան այծերին, հայկական մուֆլոններին և այլն:
Արսեն Գասպարյանը խոստովանում է, որ արգելոցում տեսուչներ կան, որ 15 տարվա մեջ երբևէ ընձառյուծի չեն հանդիպել, սակայն ֆոտոթակարդները ժամանակ առ ժամանակ նրանց ֆիքսում են։
«Ականատեսները նշվում են, որ տեսել են, արժանահավատ է արդյո՞ք այդ տեղեկությունը, չեմ կարող ասել, բայց մեր ֆոտոթակարդներով, որ ֆիքսված է՝ կա 7-9 ընձառյուծ»,-ասաց նա և հիշեցրեց մի քանի տարի առաջ Զանգեզուրի լեռնաշղթայում նկատել էին մայր ընձառյուծին, որին պայմանական Եվա անունն են տվել, և որը 2-3 ձագ է ունեցել: «Այդ ձագերն արդեն մեծացել են և հույս ունենք, որ տարածվել են հարավային վայրերում»,-ասաց նա:



