Похожее изображениеՄայիսի 7-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքները կարող են ճակատագրական դառնալ երկրի համար: Առաջին փուլում ընտրական եզրափակիչ դուրս եկան ծայրահեղ աջերի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և ազատական «Առա՛ջ» կուսակցության առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 11 թեկնածուներ: Ապրիլի 23-ին տեղի ունեցած քվեարկությամբ հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը, իր մրցակցից անցնելով ընդամենը 2 տոկոսով, հավաքել է ձայների 23,72 %-ը: Մարին Լը Պենը հավաքել է ձայների 21,90%-ը: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Հանրապետականների առաջնորդ, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 19,64 տոկոսը: Քվեարկությանը մեծ թվով քաղաքացիներ են մասնակցել, քանի որ այս ընտրությունները իրոք կարող են ճակատագրական դառնալ երկրի համար (78,69 տոկոս): Եվ պատճառը նախագահական թեկնածուների նախընտրական ծրագրերն են ու արմատական դիրքորոշումները: Սպասվում է, որ երկրորդ փուլում մասնակցությունն ավելի բարձր կլինի:
Էմանուիլ Մակրոնը, ով եվրոպական ազատական էլիտայի ներկայացուցիչ է, հանդես է գալիս Եվրամիության կազմում Ֆրանսիայի դերի բարձրացման, ինտեգրացիոն գործընթացների շարունակելիության, փախստականների հարցում զիջողականության օգտին: Ռոտշիլդների բանկերից մեկի ղեկավար կազմի նախկին աշխատակիցը գտնում է, որ Ֆրանսիան պետք է շարունակի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալ-տնետեսական քաղաքականությունը, ավելի ազատականացնի երկրի շուկան, վարի ԵՄ և ՆԱՏՕ իր դաշնակցի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն: Հասարակությանը մտահոգում է նաև Մակրոնի անձնական կյանքը. նրա ընկերուհին նրա նախկին ուսուցչուհին է, ով մեծ է նրանից շուրջ քսան տարով:
Մակրոնի գլխավոր մրցակից Մարին Լը Պենը Ֆրանսիայի ապագայի մասին հակառակ տեսանկյուն ունի: Ազգայնականության մեջ մեղադրվող Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում Ֆրանսիան կվերանայի իր մասնակցությունը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, կվերադառնա ազգային արտաժույթի, զարկ կտա ներքին շուկայի զարգացմանը, կխստացնի ներգաղթային ռեժիմը և կփակի երկրի սահմանները, կպայքարի հանուն ֆրանսիական ազգիային մտածողության և մշակույթի: Լը Պենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Հաճախ Մարինին հիշեցնում են, որ նրա հայրը՝ կուսակցության հիմնադիրը, երիտասարդ տարիքում սատարում էր Ֆրանսիան զավթած գերմանական ֆաշիստական վարչակարգին:
Տարբերվում է նաև թեկնածուների վերաբերմունքը Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ: Եթե Լը Պենը հանդես է գալիս Ռուսաստանի և նրա դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավման օգտին՝ հաճախ մեղադրվելով ռուսամետության, ՌԴ նախագահ Վ.Պուտինի կողմից հովանավորության մեջ, ապա Մակրոնը բազմիցս չեզոք վերաբերմունք է հայտնել Մոսկվայի հանդեպ Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների նկատմամբ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները շատ կարևոր են նաև հայության և Հայաստանի համար: Նախևառաջ, նրանց արդյունքներն ուղղակի ազդելու են ֆրանսիաբնակ հայերի վրա: Պետք է խոստովանել, որ Ֆրանսիայի քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները հանդես են գալիս հայամետ դիրքորոշումներով։ Երկու թեկնածուներն էլ բարյացակամ են տրամադրված տեղի հայկական համայնքի նկատմամբ, իրենց քարոզարշավներում բազմիցս կարևորել են հայության ներդրումը ժամանակակից Ֆրանսիայի կայացման գործընթացում: Երկու թեկնածուներն հստակ դիրքորոշում ունեն միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, բազմիցս արտահայտվել են Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունման անհրաժեշտության մասին:
Ֆրանսիաբնակ մեր հայրենակիցները ներկայումս շեշտը դնում են ոչ այնքան պատմական արդարության հաղթանակի, այլ այն հարցերի վրա, որոնք հրատապ են Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է, և բնական է, որ ընտրությունների արդյունքները կազդեն նաև կարգավորման գործընթացում Փարիզի ակտիվության վրա: Արցախի ապագայի հարցում իր դիրքորոշումը հստակեցրել է Մարին Լը Պենը՝ հայտարարելով, որ այն Հայաստանի անբաժան մասն է, և պետք է միավորվի հայրենիքի հետ: Մակրոնի դիրքորոշումն ավելի գլոբալիստական է և անորոշ՝ խաղաղ ճանապարհով հիմնախնդրի հանգուցալուծում:
Երկրորդ փուլից առաջ նախկին նախարարին սատարելու մասին հայտարարել են Ֆրասուա Ֆինյոնը և Ժան Լյուկ Մելանշոնը: Լը Պենին կսատարի միայն «Բարձրացնել Ֆրանսիան» կուսակցության առաջնորդ Նիկոլյա Դյուպոն Էնյանը, ով ընտրություններին ընդամենը 4, 5 տոկոս ձայն է հավաքել:
Առաջին փուլում Լե Պենը հաղթող է ճանաչվել 47 դեպարտամենտներում, իսկ Մակրոնը՝ 42: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել են հիմնականում Ֆրանսիայի հյուսիսարևելյան մարզերը՝ Շամպանե, Իլ դե Ֆրանսը, Բուրգունդիան, ինչպես նաև հարավը՝ Պրովանսը: Այդ մարզերն ավելի շատ են տուժել ներգաղթյալներից և հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալ-տնտեսական քաղաքականությունից: «Առաջ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդի օգտին է քվեարկել երկրի արևմուտքը՝ Գիենը, Բրետանը, Նորմանդիան և Պուատուն:
Ի դեպ՝ առաջին փուլի քվեարկության օրվանից Փարիզում և Ֆրասիայի այլ քաղաքներում տեղի ունեցան անկարգություններ և ցույցեր, որոնց մասնակիցները դեմ էին թե՛ Մակրոնին և թե՛ Լը Պենին: Բողոքարարները կոչ էին անում չեղարկել քվեարկության արդյունքները՝ պնդելով, թե դրանք չեն արտահայտում Ֆրանսիայի ժողովրդի իրական կամքը: Մակրոնը նրանց համար «Վաշինգտոնի և Բեռլինի դրածոն» է, Լը Պենը՝ «ֆաշիստ»: Այնուամենայնիվ, մայիսի 7-ին Ֆրանսիան որոշելու է, թե որ ճանապարհով է ընթանալու, կշարունակի եվրաինտեգրացիոն քայլերը, թե կգնա ազգայինը պահպանելու ուղով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել