Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հանրությանը գրավել է իր յուրօրինակ ձայնով ու հզոր էներգիայով:
-Սրբուհի, գիտեմ, որ անդադար աշխատում եք, որոնց մասին միշտ չէ, որ հանդիսատեսը նախապես տեղյակ է լինում: Ուզում եմ, նախեւառաջ, տեղեկանալ այս շրջանի Ձեր գործունեությունից:
- Այո, փորձում եմ կանգ չառնել ու անդադար աշխատել: Այս պահին ծրագրում եմ ընթացիկ տարվա ընթացքում գոնե երկու տեսահոլովակ ներկայացնել: Թեեւ գիտեմ, որ դա հեշտ չի լինի, քանի որ տեսահոլովակ ունենալը մեծ թիմային աշխատանք ու ֆինանսներ են պահանջում, բայց միեւնույն է, ես միտված եմ դրան: Հիմա նախապատրաստական փուլում ենք, խմբիս հետ միասին աշխատում ենք երգերի վրա, դրանց ստեղծման համար կրկին համագործակցում ենք Լազարոյի եւ Արամ Աբգարյանի հետ: Միշտ լավ աշխատանքն ապահոված է լինում, եթե դրա վրա թիմ է աշխատում:
-Սրբուհի, Ձեր վերջին՝ «Եթե կարող ես» տեսահոլովակը հիթ դարձավ: Սա հազվադեպ երեւույթ է, որովհետեւ միշտ չէ, որ արտիստների բախտը բերում է, ու իրենց ներկայացրած երգը դառնում է տարվա հիթ: Հիմա ինչի՞ վրա եք շեշտը դնում, որպեսզի գրանցած հաջողությունը կրկինվի:
- Իհարկե, հիմա պարտավորությունս կրկնապատկված է, որպեսզի ինձ սիրող հանդիսատեսի սպասելիքները արդարացնեմ: Մի գաղտնիք բացեմ՝ իմ զգայարաններս շատ ուժեղ են, եթե ես երգը լսում եմ, իսկզբանե զգում եմ՝ այն հիթ է դառնալու, թե ՝ ոչ: Այդպես եղավ հենց «Եթե կարող ես» երգի ժամանակ, միայն թե հետաքրքրականն այն էր, որ այդ երգս ներկայացնելուց երկու ամիս անց այն հիթ դարձավ: Այդ ընթացքում ներքուստ հակասական զգացողություններ ունեի, մի տեսակ չէի սպասում, բայց հետո հասկացա, որ ես չէի սխալվում, ու թեկուզ մարդկանց ժամանակ էր պետք այն ընկալելու համար, բայց միեւնույն է, այն սիրվեց ու հիթ դարձավ: Ավելի ուշ՝ բացօթյա համերգների ժամանակ, հանդիսատեսն ինձ հետ հավասար երգում էր ողջ երգը, իսկ դրանից առավել գնահատական երգչին պետք չէ: Հիմա, երգեր ընտրելիս, կրկին կենտրոնանում եմ ու լսում սրտիս: Իհարկե, գաղտնիքներ չեմ բացի ու չեմ ասի, թե նոր երգերս ի՞նչ ոճում կլինեն, բայց վստահեցնում եմ՝ հետաքրքիր աշխատանքներ են սպասվում: