Tert.am-ը գրում է.
 Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանին պարտադրում են բարձրացնել ծխախոտի, բենզինի, դիզվառելիքի մաքսային դրույքաչափերը, ինչը ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին ամենևին չի զարմացնում:
 Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ դեռևս Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ասվել էր, որ էլէներգիայի, գազի, դիզվառելիքի և այլնի դրույքաչափերը Հայաստանում ԵՄ երկրների դրույքաչափերի միջին մակարդակից ցածր է։ Նրա խոսքով՝ մինչև 2021-2022 թվականը 20-25 տոկոսով պետք է մեծանա ակցիզային հարկի չափը՝ հավասարվելով ԵՄ-ի դրույքաչափերի միջին մակարդակին կամ մի քիչ էլ ավելի:
 «Ինչ վերաբերում է բիզնեսի վրա ազդեցությանը, ապա ասեմ, որ մեր բիզնեսը շատ խնդիրներ ունի, և ամեն մի ավելորդ ծախս, որը գումար կտանի, կանդրադառնա եկամտաբերության վրա: Այս պարագայում բիզնեսը երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է ստվերն ավելացնի, որպեսզի կոմպենսացնի կորուստները, կամ պետք է իր եկամուտների հաշվին շարունակի թափանցիկ աշխատել՝ նվազեցնելով իր շահութաբերությունը: Քանի որ կառավարությունը շատ ակտիվ պայքարում է կոռուպցիայի և ստվերի դեմ, հուսով եմ՝ անկողմնակալ ստուգումների ներքո քիչ գործատուներ կփորձեն գնալ ստվերում աշխատելու ռիսկին»,–ասաց տնտեսագետը։
 Նրա խոսքով՝ հատկապես զգայուն են այն գործարարները, ովքեր ստիպված են ամեն օր բեռներ տեղափոխել մեքենաներով, իրենց արտադրությունը կապված է տրանսպորտային ծախսերի հետ կամ գազ օգտագործող ընկերություն է։
 Տնտեսագետը նկատեց, որ ստեղծվել է մի վիճակ, որ ունենք պարտավորություն, սակայն պետք է նաև տնտեսությունը բավականին արագ զարգացնենք: Վերջինիս գնահատմամբ՝ խնդրի լուծման օպտիմալ տարբերակն այն է, որ Կառավարությունն արագ իրականացնի բիզնես ոլորտի բարեփոխումները: Մակարյանը կարծում է, որ բիզնեսի զարգանալով՝ գործարարի եկամուտը կավելանա, իսկ փոքր տատանումները նրա համար խնդիրներ չեն առաջացնի:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել