Երեկ Օպերայի Ջազզվեն իր դռները բացեց նորացված ինտերիերով, նոր և ազգային մենյուով և կոնցեպտով: Փակ երեկոյի ժամանակ հրավիրված հյուրերն առաջինը կարողացան ծանոթանալ բոլորովին նոր և տարբերվող ճաշատեսակներով ամսագրային մենյուին, իսկ արդեն այսօր սրճարանի այցելուները կարող են համտեսել և գնահատել շեֆ խոհարարի կողմից առաջարկվող նոր ուտեստների համը:


Ջազզվեի նոր կոնցեպտը ստեղծելու համար աշխատել է պրոֆեսիոնալ մի ամբողջ թիմ՝ Հրաչ Քեշիշյան, ով նախագծի ղեկավարն է, դիզայներ Անահիտ Սիմոնյան, ով զբաղվել է սպասարկող անձնակազմի համազգեստի դիզայնով, Վարդան Հարությունյանը՝ ճարտարապետ, դիզայներ, Վահագն Խաչատրյանը, ով առաջարկել է սուրճի մատուցման նոր տարբերակ, Սամվել Մինասյանը, ով զբաղվել է նոր տաղավարի ստեղծմամբ, որը նորություն է Ջազզվե սրճարանային ցանցում, հայկական սեզոնային մրգերով կոկտեյլներ և աղանդեր է մատուցում: Բացի այդ՝ բացօթյա բարից կարող եք գնել հատուկ սրճային կոկտեյլներ։

Ջազզվեի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը նշում է, որ սրճարանն իր հաճախորդներին ներկայանում է նորացված մենյուով, որն ամսագրի տեսքով է. «Նկարազարդումներով նորացված մենյուն հեշտացրել է հաճախորդների ընտրությունը: Առաջարկվող ուտեստներից կան ինչպես հայկական ազգային, այնպես էլ արդեն իսկ ծանոթ եվրոպական ուտեստներ, որոնք պատրաստված են հայկական բաղադրիչներով: Ուտեստների ընտրության հարցում մեծ ներդրում են ունեցել Հրաչ Քեշիշյանը և Ջազզվեի շեֆ–խոհարար Մարինե Սուքիասյանը»:
Հրաչ Քեշիշյանն էլ նշեց, որ իրենց նպատակներից մեկն էլ այն է, որ համեղ խոհանոցի շնորիվ ապահովեն երևանցիների ժամանցը. «Արդեն 14 տարի է՝ Ջազզվեն առաջիններից մեկն էր, որ ստեղծում է ազգային սրճարանի մշակույթը Հայաստանում: Հիմա այն ունի նոր քաղաքականություն՝ պետք է ավելի բարձրացնի հայկական սրճարանի մշակույթը և զարմացնի իր հաճախորդներին: Ինձ համար էլ այս նախագծում աշխատելը բավականին հետաքրքիր էր, իսկ արդյունքի մասին, կարծում եմ, պետք է հաճախորդներն ասեն»:


Թերթելով նոր մենյուն՝ դուք կարող եք հետաքրքիր տեղեկատվություն ստանալ ուտեստների պատմության մասին, օրինակ՝ ինչպես հայերը ստեղծեցին ամերիկացիների սիրելի շոկոլադե սալիկը, ամեն ինչ սուրճի մասին և այլ հետաքրքիր փաստեր: Ինչպես Ջազզվեի փոխտնօրեն Սիլվա Ղամբարյանն է նշում, այդ ամենը հետաքրքիր կլինի թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակաների և թե՛ Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար. «Ինֆորմացիան գրված է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, քանի որ մեզ համար կարևոր է տուրիզմի զարգացումը, իսկ Օպերայի Ջազզվեն լավագույն վայրն է զբոսաշրջիկների համար: Ունենք նոր տաղավար, որտեղ կարող ենք թեմատիկ և սեզոնային կոկտեյլներ վայելել, որոնք պատրաստված կլինեն տվյալ սեզոնի մրգով։ Վերացել է Vip հասկացողությունը. այսուհետ բոլոր ցանկացողները կարող են ամրագրել սեղաններ երկու սրահներում էլ: Օպերայի Ջազզվեի ինտերիերը նույնպես նորացված է, փորձել ենք ազգային տարրեր մտցնել»:

Անահիտ Սիմոնյանը նշում է, որ փորձել է ստանալ տարբերվող համազգեստներ՝ սպասարկող անձնակազմի համար. «Արել եմ այնպիսի մի բան, որը կլինի նորաձև և ամենակարևորը՝ հարմար: Մատուցողների հագուստի վրա կնկատեք Ջազզվեի ասեղնագործած լոգոն, որն իր մեջ պարունակում է հայկական տարրեր»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



