Երեկ վերջապես դիտեցի «Խոստումը»: Ֆիլմի մասին շատ էի լսել՝ և՛ լավ և՛ վատ: Ու լավերի շարքում լսածներիցս մեկն էլ այն էր, որ ֆիլմում ընդգրկված է մեր հայաստանյան ամենալավ դերասանուհիներից մեկը՝ Նազենի Հովհաննիսյանը: Քանի որ ֆիլմի դիտելուց առաջ ուզում էի մոտավորապես հասկանալ՝ ինչ դեր է խաղալու Նազենին, քրքրեցի մամուլի հրապարակումներն այս թեմայով, ու աչքովս ընկավ այս լուսանկարը, որտեղ Նազենին է՝ իր համար նախատեսված հանդերձարանի ֆոնին, որի վրա գրված է Armenian woman fighter (Հայ կինը՝ մարտիկ):
Կարճ ասած՝ գնացի, գնեցի տոմսը, դիտեցի ողջ ֆիլմը ու Մուսա լեռան տեսարաններից 2-ում, միայն ընդհանուր մասովկայի մեջ հազիվ նկատեցի Նազենիին: Անկեղծ ասած՝ ոչ միայն հիասթափված, այլ նաև վրդովված եմ. ես չեմ հավատում, որ ի սկզբանե Նազենին կինոնկարում մասովկա խաղալու դերի համար էր հաստատվել ու դեռ իր ուրախությամբ էլ կիսվել Ֆեյսբուքում: Առնվազն մի տեսարանում գոնե դերասանուհին հաստատ խաղ է ունեցել, ու քանի որ մի քանի օր առաջ էլ կարդացել էի մեկ այլ հայազգի դերասանի՝ «Խոստում»-ում նկարահանված Ռոման Միտիչյանի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ իր մասնակցությամբ կադրերի մեծ մասը մոնտաժվել ու դուրս է մնացել ֆիլմից, գրեթե համոզված եմ, որ ենթադրություններս արդարացի են: Ուզում եմ նշել, որ եթե նման բան իսկապես եղել է, ապա սա իսկապես վիրավորական է թե՛ դերասանուհու և թե՛ նրան էկրանին տեսնելու ցանկությամբ կինոթատրոնի տոմս գնած հանդիսատեսի համար: Այ միայն հիմա եմ հասկանում, թե ինչու է Նազենին իրեն այսքան չեզոք պահում. ֆիլմի մասին ոչ մի հրապարակում չարեց, ոչ մի պրեմիերայի չմասնակցեց, ոչ մի կարծիք չարտահայտեց իր սոցէջերում: Եվ ամեն դեպքում կցանկանայի, որ դերասանուհին խոսեր այս մասին: Կարծում եմ՝ սխալ արտահայտված չեմ լինի, եթե ասեմ՝ ֆիլմում էնքան անիմաստ ավելորդ տեսարաններ կային, որ դրանց փոխարեն կարող էին հանգիստ պահել Նազենիի տեսարանը՝ թեկուզ հայ հանդիսատեսի պահանջմունքին հագուրդ տալու համար: «Խոստում»-ում բոլորը դերասան от бога էին, Նազենին էլ ձեր մասովկեն էր, հա՞: