Yerkir.am-ը գրում է.

Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման Wikipedia-ի արգելափակման փաստին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Birgün.net լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ Twitter-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»:
Իսկ Wikimedia Community-ի Թուրքիայի օգտատերերի խումբը (Wikimedia Topluluğu Kullanıcı Grubu Türkiye) իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք այսօր ցավով նկատեցինք, որ Թուրքիյում ժամը 08:00-ից արգելափակվել են Wikipedia-ի բոլոր լեզուների, այդ թվում՝ թուրքերեն բաժինները: Wikipedia-ի բոլոր նախագծերը ղեկավարող Wikimedia հիմնադրամը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ և քննարկումներ է վարում: Մենք ցավալի ենք համարում որևէ գովազդից զերծ, ոչ առևտրային այս նախագծի արգելափակումը, որի հիմնական սկզբունքը բովանդակության հավաստիության ապահովումն է: Բազմաթիվ կամավորներ աշխատում են այս նախագծի վրա, որպեսզի յուրաքանչյուրի համար ազատորեն և անկողմնակալ կերպով հասանելի դարձնեն համամարդկային գիտելիքները: Հարգանքներով… »:
Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման առթիվ իր մտահոգություններն է հայտնել նաև «Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը»՝ հիշեցնելով, որ այս խոշորագույն օնլայն հանրագիտարանը լայնորեն օգտագործվում էր հատկապես թուրք երիտասարդության կողմից: