Ֆլորիդայում ամբողջ ազգի ուշադրությունը գրաված դաժան ու դրամատիկ քրեական գործից կես դար անց Սենատը որոշում է ընդունել՝ ներողություն խնդրելով 4 սևամորթ տղամարդկանց ընտանիքներից, ովքեր ռասայական ատելության ու ծայրահեղ անարդարության զոհ էին դարձել։
Այսպես կոչված Գրովլենդի քառյակը՝ Չարլզ Գրինլին, Էռնեստ Թոմասը, Ուալթեր Իրվինն ու Սեմուել Շեֆիրդը, 1949-ին մեղադրվել էին մի սպիտակամորթ կնոջ բռնաբարելու համար։ Մեկին մի քանի օր անց սպանեցին, մյուս երեքին բանտարկության ժամանակ դաժան ծեծի ենթարկելուց հետո դատապարտեցին։ Այդ երեքից մեկի վրա էլ կրակել էին դատի գնալու ճանապարհին։
Եվ միայն հիմա, երբ նրանք բոլորն էլ մահացած են, Ֆլորիդան հասկացել է իր սխալն ու ներողություն խնդրել անարդարության ու խտրականության զոհ դարձած տղամարդկանց ընտանիքներից։
Սենատի անդամ Գերի Ֆարմերն ասում է, որ նրանք հուսով են՝ Կառավարությունը համապատասխան գնահատական կտա նրանց հաղորդագրությանը։

1949 թվականի հուլիսի 16-ին 17-ամյա մի սպիտակամորթ կին ամուսնու հետ դիմում է ոստիկանություն՝ պատմելով դեպքի մասին, ու ասելով, որ հանցագործությունը կատարել են 4 սևամորթ տղամարդիկ։ Մինչև օրվա վերջ նրանք բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին՝ բանտում խոշտանգումների զոհ դառնալով։ 1000 տղամարդկանց զինված խումբն օրեր անց դուրս եկավ Թոմասի հետքի վրա ու սպանեց նրան։
Թոմասը, հասկանալով ժամանակի ռասայական իրականությունն ու վտանգը, որի մեջ հայտնվել էր, փորձում է փախչել երկրից։
Իշխանություններին հայտնի էր, որ նրանցից գոնե երկուսը՝ Գրինլին ու Թոմասը, երբեք չեն եղել ենթադրյալ հանցագործության վայրում, բայց խոշտանգումների միջոցով հասան նրան, որ տղամարդիկ խոստովանեցին իրենց «մեղքը», իսկ լուրջ փաստեր, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, կնոջ բժշկական փորձաքննությունը, այդպես էլ դատական նիստի ժամանակ չներկայացվեցին։
Երդվյալ ատենակալները, որոնք բոլորն էլ սպիտակամորթ էին, Իրվինին ու Շեֆիրդին դատապարտեցին մահվան, իսկ Գրինլիին՝ ցմահ ազատազրկման։
Պարոն Ուիլիամսն ու Մարշալը բողոքարկեցին դատավճիռը Գերագույն դատարան, որտեղ 1951 թվականին բոլոր փաստերը միաձայն հերքվեցին։ Բայց գործը դեռ փակված չէր։

Մեկ լուսանկար առանձնակի է ներկայացնում Գրովլենդի քառյակի ոբերգական պատմության սարսափը։ Դրանում պատկերված են խոտերի վրա ընկած երկու սևամորթ տղամարդիկ։
Իրվինին հաջողվեց ողջ մնալ։ Հիվանդանոցում պառկած՝ նա հայտնեց քննիչներին, որ շերիֆի՝ իրեն երկու անգամ կրակելուց հետո մեկ այլ պաշտոնյա էլ կրակել է նրա վզին։
Իրվինն առողջացավ, սակայն նորից դատապարտվեց մահվան, իսկ նրան կրակած շերիֆը դեռ 5 անգամ վերընտրվեց իր պաշտոնի համար։
Տասնամյակներ շարունակ տղամարդկանց ընտանիքի անդամները չեն խոսել գործի մասին։ Վիվիան Շեֆիրդը՝ Շեֆիրդի զարմուհին, ամբողջ կյանքում ապրել է մի տեսակ ամոթի մեջ՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու։
Նրա խոսքերով՝ գործի մանրամասներն սկսել են պարզ դառնալ միայն Գերի Քորսեյր անունով մի մարդու գրքի լույս տեսնելուց հետո։

1999 թվականին պարոն Քորսեյրը մի լրագիր էր թերթում, երբ աչքին ընկավ 1949-ի դեպքի մասին մի հոդված։
Հաջորդ մի քանի տարիները նա անցկացրեց գործը ուսումնասիրելով, դրա մասին տեղեկություններ հավաքելով, ինչի արդյունքը եղավ 2004-ին հրապարակված իր գիրքը։
Տիկին Շեֆիրդն ասում է, որ գիրքն օգնել է իրեն հասկանալու, որ իր հայրն ու տատիկ-պապիկը, ում տունը 1949-ի ենթադրյալ բռնաբարության պատճառով կատաղած ամբոխն ավիրել էր, տառապել են շատ ավելի, քան նա երբևէ կարող էր պատկերացնել։
Նրանք կորցրել են իրենց եղբորը, որդուն, տունը, իրենց հողն ու ամեն ինչ։
Ավելի ուշ մեկ այլ գրող՝ Ջիլբերթ Քինգը, գտնում է Մարշալի նամակները՝ Գրովլենդի քառյակի մասին։
Հիշում եմ՝ կարդում էի նամակներն ու մտածում՝ ինչե՞ր են կատարվում այս գործում, դա սարսափելի էր։ Ամեն բան այնքան դրամատիկ էր։
Քինգը տարիներ շարունակ ուսումնասիրում էր գործն ու 2012-ին հրապարակեց իր գիրքը՝ «Սատանան Գրովում», որը 2013-ին արժանացավ մրցանակի։
Գիրքը մեծ տարածում ստացավ ու ստիպեց, որ մարդիկ ամբողջական պատկերացում կազմեն դեպքերի մասին։ Արդյունքում Սենատը պաշտոնապես ներողություն խնդրեց սևամորթ տղամարդկանց ընտանիքներից։



