Ռուսական 11-րդ կարմիր բանակի 28-րդ դիվիզիայի հրամանատարի գաղտնի հրամանը՝ Նժդեհի զորաջոկատները ոչնչացնելու վերաբերյալ
...Նժդեհի բանդաները իր գործակալների քարոզչության շնորհիվ մոբիլիզացրել են Կատարի շրջանի ամբողջ բնակչությունը և հակահեղափոխական ապստամբություն են բարձրացրել: Ապստամբության օջախում են ընդգրկված Արծեվանիկ-Բարաբաթում, Գավարտ-Կատար, Կյամիխանա-Բիխ, Բարաբուջ-Վյաչեկան գյուղերը: Թերևս ապստամբությունը տարածված կլինի նաև այդ շրջանի այլ գյուղերում: Օրդուբադի շրջանում Նժդեհի միավորումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Բանդաների, Կատարի շրջանում ապստամբած բնակչության, ինչպես նաև Օրդուբադի շրջանում դիմադրություն ցույց տվող Նժդեհի բանդաները ոչնչացնելու համար 11-րդ կարմիր բանակի հրամանատարի կողմից իմ վրա դրված է վերջնականապես ճնշել ապստամբած բնակչությանը և կարճ ժամանակում ոչնչացնել Նժդեհի բանդաները:
Այդպիսով հրամայում եմ 83-րդ բրիգադի հրամանատար Լիտվինենկոյին՝
Հոկտեմբերի 12-ին Շուշիից դեպի Զոյվա տեղափոխել 247-րդ գունդը և գրավել Զոյվան: Հոկտեմբերի 17-ին գրավել Արծեվանիկը և Գերուսից Կատար արշավող 250-րդ գնդի հետ կոորդինացնելով գործողությունները՝ ամենակտրուկ մեթոդներով ճնշել ապստամբությունը ամբողջ շրջանում: Դիմել ամենածայրահեղ միջոցներին, որպեսզի մեկընդմիշտ բանդաների և բնակչության մոտ բացառվեն ապստամբության փորձերը: Ամենամեղավորներին գնդակահարել: 248 և 249 գնդերին մնալ իրենց տեղերում և կատարել իրենց տրված հանձնարարականները:
84-րդ բրիգադի հրամանատար Սեմյոնովին:
Էնգելյուրթայից Գերուսի միջով դեպի Կատար արշավող 250-րդ գնդով 247-րդ գնդի հետ միասին ոչնչացնել Կատարի շրջանում հակահեղափոխական ապստամբություն բարձրացրած Նժդեհի բանդաներին՝ փորձելով նրանց փակուղի մտցնել: Հարձակման ժամանակ ճշգրիտ դիրքավորում ընտրել, որպեսզի քիչ կորուստների գնով հակառակորդին զգալի կորուստներ պատճառվեն: Մոտենալով ապստամբած շրջաններին՝ 247-րդ գունդը հետախուզական միջոցներով պետք է պարզի՝ ինչպիսի դիրքավորում ունեն ապստամբները, և որքան է նրանց քանակը: Այնուհետև համատեղ հարվածով հարձակվել և ոչնչացնել նրանց: Գործողության ավարտից հետո 250-րդ գունդը պետք է շարժվի դեպի Նյուվադի, որպեսզի շարունակվի իրականացվել Օրդուբադում Նժդեհի բանդաներին ոչնչացնելու 27-րդ հրամանը: 247-րդ գունդը գործողության ավարտից հետո պետք է մնա Կատարի շրջանում և զբաղվի շրջանը հակահեղափոխական տարրերից մաքրելով: Մնացած զորամիավորումները, որոնք գործում են Նյուվադի-Օրդուբադի գծի վրա, պետք է կատարեն իրենց նախօրոք տրված հանձնարարականները...