Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվելու հունիսին վերջին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։
Նա նշել է, որ ԲԹԿ-ի միջոցով Չինաստանից, Ղազախստանից ու Թուրքմենստանից ապրանքները տարանցվելու են Եվրոպա Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս հայտարարել էր, որ Անկարան աշխատանքներ է իրականացնում Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ ֆորմատ ստեղծելու ուղղությամբ։
Վերջերս Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար: Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ: Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:
Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝ Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:
Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների տեղափոխման համար: Իրենք ուղիղ երկաթգծային կապ են բացում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:
Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա. երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար, այդ թվում՝ նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:
Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝ Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև. այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝ իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալու կոնկրետ, ֆինանսական օգուտներ՝ փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձել:
Բաքուն աստիճանաբար փորձում է նավթ արտահանող երկրից վերածվել նավթի, գազի, տրանսպորտային այլ լոգիստիկ ծառայություններ տրամադրող տարանցիկ միջանցքի՝ նվազեցնելով միակողմանի նավթագազային կախվածությունն ու բյուջեն համալրելու նոր տարբերակներ գտնել: Վերջերս էլ Ադրբեջանը, ՌԴ-ն և Իրանը պայմանավորվեցին օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նույնպես անցնելու է Ադրբեջանով: Այդ երկիրը դառնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկ: Չմոռանանք, որ այս տարի գործարկվելու է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։
Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա էներգետիկ-տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ-ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ-ին։
Թյուրքական այդ միջանցքի միջոցով Անկարան տնտեսական-քաղաքական էքսպանսիա կիրականացնի Կենտրոնական Ասիայում, իսկ ղազախա-ադրբեջանական տանդեմը կկարողանա իր էներգակիրները ՌԴ-ն շրջանցելով արտահանել եվրոպական շուկաներ և Թուրքիա։
Տրանսկասպյան միջանցքը՝ Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ Անկարայի ու Արևմուտքի համար դառնում է աշխարհաքաղաքական և տնտեսական գերակայություն՝ կենրոնական ասիական և կասպյան էներգակիրները Եվրոպա հասցնելու, ինչպես նաև Չինաստանի հզոր շուկա դուրս գալու առումով։